«Ոչ պատշաճ սուբյեկտներ ոչ պատշաճ որոշումներ են կայացրել»․ Վահագն Վերմիշյանի գործով ամբաստանյալներից մեկի փաստաբանը՝ դատարանին

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 27-ին, շարունակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ամիրյանը, կազմում են դատավորներ Արմեն Հովհաննիսյանը ու Մեսրոպ Մակյանը։

Նշեք, որ բոլոր ամբաստանյալները, բացի Վահագն Վերմիշյանից, դեմ են արտահայտվել նիստի տեսանկարահանմանը և լուսանկարահանմանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը սկսվեց նշանակված ժամից շուրջ 35 րոպե հետո։ Վերաքննիչ դատարանը գրություն էր ուղարկել տնային կալանքի համար սահմանված վայրից նրան դատարան, դրանից հետո էլ տուն տեղափոխելու համար։ Նախագահող դատավոր Կարեն Ամիյանը նշեց՝ ոստիկանությունից հայտնել են, որ չեն կարող սպասել մինչև դատական նիստի ավարտը։ Նիստերի դահլիճ հրավիրվեց ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Վահե Բախշյանը, նա իր պարզաբանումը տվեց հարցի վերաբերյալ՝ ասելով, դիմումի մեջ չի երևում մեղադրյալի տնային կալանքի տակ լինելը, այդ իսկ պատճառով արձագանքն այդպիսին է եղել։ Նա պարտավորվեց սպասել մինչև դատական նիստի ավարտը և ամբաստանյալ Վահագն Վերմիշյանին իր տուն ուղեկցել։

Առաջին հարցը, որը քննարկվեց դատարանում, Վահագն Վերմիշյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործին էր վերաբերում։ Նված վարույթով դատարանը ապացուցման բեռ է բաշխել, տվյալները ստանալու համար փաստաբանները պետք է դիմեն ՌԴ պետական մարմիններին՝ այնտեղ գտնվող փաստաբանի միջոցով, որին Վերմիշյանը պետք է լիազորություններով օժտի։

Փաստաբանը խնդրում էր թույլատրել կամ նոտարի այցը Վահագն Վերմիշյանին, կամ Վերմիշյանի այցը նոտարական գրասենյակ։ Նախորդ նիստի ընթացքում քննարկվել էր լիազորագրի բովանդակությունը, որը չի պարունակում անշարժ գույքի գրավադրման կամ օտարման վերաբերյալ ձևակերպումներ, սակայն հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանն իր մտահոգությունը հայտնեց բովանդակության վերաբերյալ։

«Այնտեղ կան նշումներ, որտեղ ասվում է՝ «իմ անունով բացված բոլոր հաշիվներին հասանելիություն ունենալու իրավունքով, որի մեջ մտնում են Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ընկերությունները և առևտրային բանկեր։ Սակայն կուզեի նաև դատարանի ուշադրությանը ներկայացնել այն, որ լիազորագրի բովանդակության մեջ անշարժ գույքին վերաբերող գործարքների բացակայությունից զատ միջնորդագրում նշվում է նաև դրամական միջոցների տնօրինման կամ հասանելիության մասին։ Իսկ ինչ վերաբերում է նոտարական ծառայությանը, կարծում եմ՝ նման պատճառաբանությամբ միջնորդությունը բավարարվել չի կարող»։

Ի պատասխան դատախազի անհանգստության՝ ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը պարզաբանեց, որ «հաշիվների հասանելիությունը» վերաբերում է ոչ թե գումարների տնօրինման, այլ հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն։

Միջնորդության 2-րդ մասը վերաբերում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ներկայացուցիչների՝ Վերմիշյանին այցելելու հնարավորություն տալուն, որը բավարարվեց։ Արմեն Մելքումյանը և Ինգա Սարաֆյանը կունենան զանգի միջոցով մեղադրյալի հետ կապվելու և շաբաթական երկու օր այցելելու հնարավորություն։ Միջնորդության առաջին մասին անդրադառնալով դատարանը խնդրեց կոնկրետ նոտարի տվյալներ տրամադրել, ով կկարողանա  այցելել ամբաստանյալին և կատարել անհրաժեշտ գործողությունները։

Այնուհետև ամբաստանյալներ Մուշեղ Ավետիսյանի, Էլեն Գրիգորյանի և Վրեժ Ասրյանի փաստաբան Լևոն Սահակյանն ամփոփեց իր պաշտպանյալների վերաբերյալ վերաքննիչ բողոքը, իր տեղը զիջեց ամբաստանյալ Ջոն Ֆարխոյանի պաշտպան Երեմ Սարգսյանին։

Պաշտպանը հայտարարեց՝ եղել են դատավարական խախտումներ, որոնք հաշվի առնելով կարելի է ասել, որ օբյեկտիվ դատավճիռ չի կայացվել, մեղադրյալը չի արդարացվել։ Ըստ Սարգսյանի, հետաքննության մարմինը կատարել է մի գործողություն, որը դատավարական օրենսգրքով նախատեսված չէ, իրավասություն չունի, պայմաններ և հիմքեր չկան․ «Դատավարական խախտումները շատ են, դրանք էական են»։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ ենթադրյալ խախտումները սկսվել են դեռևս հետաքննության մարմնից, որը նյութերը 5 ամիս նախապատրաստել է, այնուհետև ուղարկել քննիչին, սակայն եթե առկա էին հիմքեր, հենց հետաքննության մարմինն էլ պետք է հարուցեր գործը․ «Նա իրավունք չուներ նյութեր ուղարկել քննիչին, ասեր՝ չնայած՝ ես էլ իրավունք ունեմ, պարտավոր եմ հարուցել քրեական գործ, բայց ես դրանից չեմ օգտվում, արի՝ ես չանեմ։ Քննիչ, դու արա»։

Բացի այդ, պաշտպանը խոսեց նաև քննիչի գործողությունների անօրինականության մասին․ «Ամենայն հարգանքով բոլոր քննիչների հանդեպ, բայց ո՞վ է ԱԱԾ քննիչը, որ նյութերը վերցրել է և գործ է հարուցել։ Անձնական ոչինչ չեմ ասում։ Նորից ստացվում է, որ ոչ պատշաճ սուբյեկտ ոչ պատշաճ որոշում է կայացնում։ Սա առաջին խնդիրն է»։

Բացի այդ, Երեմ Սարգսյանը նշել է, որ Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն իրավասություն չուներ գործը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնարարելու համար․ «Էս ամենը արել են ոչ պատշաճ սուբյեկտները, անգամ էս գործի նյութերը թերթելու իրավունք չունեցող սուբյեկտները»։

Սակայն փաստաբանի վերաքննիչ բողոքի ներկայացումը կիսատ մնաց, քանի որ դատարանը ծանրաբեռնվածություն ուներ, բացի այդ՝ պետք է Վահագն Վերմիշյանի պաշտպանների միջնորդությունը քննարկեր։

Դեռևս կալանավայրում ամբաստանյալ Վերմիշյանը ատամնաբուժական խնդիրներ է ունեցել։ Ինչպես նա է մեկնաբանում, 30 ատամներից 16-ն են մնացել՝ ատամնաբույժի ծառայությունից օգտվելու հնարավորություն չունենալու պատճառով։ Դատարանը թույլատրեց նրան երկու շաբաթը մեկ անգամ այցելել ատամնաբույժի։

Միջնորդության քննությունից հետո նիստը հետաձգվեց։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։

Չնայած առաջադրված մեղադրանքներին, փաստաբանները պնդում են, որ Վահագն Վերմիշյանն անմեղ է և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ակնկալում են արդարացման որոշում բոլոր դրվագներով։

Անահիտ Ամիրխանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել