«Դուք պարտավոր էիք պատրաստված ներկայանալ»․ դատավորը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 1-ին, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով նիստը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական գործին միացել էր դատախազ Համլետ Հարությունյանը, դատարանին ներկայացրեց համապատասխան լիազորագիրը։ Դատավորը Արմեն Ֆերոյանին ասաց, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց, որպեսզի նա դիրքորոշում հայտնի հայցի առարկայի հիմքի փոփոխությունը թույլատրելու միջնորդության վերաբերյալ։

Ֆերոյանը նշեց, որ չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին, բայց ինչ ծավալով, որ ծանոթացել է, որոշ հարցադրումներ ունի հայցվոր կողմի ներկայացուցչին։

Փաստաբան Հարություն Հարությունյանը ասաց, որ միջնորդություն ունի ներկայացնելու և պահանջում է այն ավելի վաղ քննել։ Միջնորդությունը վերաբերում էր գոյություն ունեցող հայցի մասի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելուն։

Հանրային մեղադրող Գևորգ Քոչարյանը հայտնեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ այս փուլում, դատավարական նպատակահարմարությունից ելնելով, չպետք է միջնորդությունը քննարկվի, այն կարող է քննարկվել հետագա փուլերում՝ անկախ նրանից՝ կբավարարվի, թե ոչ։

«Ինչ վերաբերում է վաղեմությանը, վաղեմությունն ինչպե՞ս կարող էր ներկայացվել մինչ այս կայացած չորս նախնական դատական նիստերի ընթացքում, գտնում եմ, որ որևէ խոչընդոտ չկա, որպեսզի դա ներկայացվի նաև հետագա նիստերի ընթացքում»,-ասաց Գևորգ Քոչարյանը։

Համլետ Հարությունյանը նշեց, որ վաղեմության միջնորդությունը միջնորդության այնպիսի տեսակ է, որը քննարկելիս բոլոր գործողությունները պետք է ընհատվեն, եթե պարզվի՝ վաղեմություն կա, գործն այդ հիմքով կկարճվի, եթե չէ՝ պետք է շարունակվեն մնացած գործողությունները։

«Այսօրվա նիստին, երբ ձեր մյուս գործընկերը պետք է դիրքորոշում ներկայացնի, որպեսզի այս հարցը լուծվեր, Դուք հենց այս նիստին, հենց այս փուլում որոշեցիք միջնորդությունը ներկայացնել․ արդյոք սա ուղղված է հենց նաև մեր կողմից ներկայացված միջնորդության քննարկման ժամկետների ձգձգմանը», – ընդգծեց դատախազը։

Դատարանը գործի արդյունավետությունից ելնելով գտավ, որ այս դատական նիստում պետք է շարունակվի այն միջնորդության քննարկումը, որը սկսվել է դեռևս երկու նիստ առաջ, խոսքը վերաբերում է հայցի առարկայի հիմքի փոփոխությանը, միաժամանակ դատարանը կողմերին հիշեցրեց, որ իրենց իրավունքներից պետք է օգտվեն և իրենց պարտականությունները պետք է կատարեն բարեխղճորեն։

Դատավորը Արմեն Ֆերոյանին ասաց․ «Ձեզ դատարանը ընդամենը հնարավորություն տվեց, որ Դուք դիրքորոշում հայտնեք, բայց այնպես է, որ Դուք պարտավոր էիք պատրաստված ներկայանալ»։

Արմեն Ֆերոյանը ի պատասխան դատավորի ասածին՝ նշեց, որ դրա համար պետք է ժամանակ տրամադրվեր։

Մասնավորապես, ընդգծեց․ «Ես խնդրում եմ, որ հայցվոր կողմի ներկայացուցիչները ամբողջությամբ ներկայացնեն և կոնկրետ նշեն այն փաստերը, որոնք ներկայացված սկզբնական հայցադիմումից տարբերվում են սույն փոփոխություններով։ Այն մոտեցումը, որ սկզբնական հայցադիմումի մեջ առկա էին թերություններ, իսկ փոփոխություններում թերություններ առկա չեն, դա պատասխանող կողմը գտնում է, որ իրավունքի չարաշահում է»։

Դատավորը նշեց՝ այդ փուլն արդեն անցել է, ներկայացվել է, հիմա իր դիրքորոշում հայտնելու ժամանակը սպառվել է։ Արմեն Ֆերոյանն ասաց, որ իր համար ակնհայտ է՝ դատարանը կանխակալ վերաբերմունք ունի պատասխանող կողմի հանդեպ։ Նա խնդրեց՝ ժամանակ տրամադրել բացարկ ներկայացնելու համար։

Դատավորն ի պատասխան բացարկ ներկայացնելու խնդրին, հայտնեց, որ քանի որ չկա գրավոր միջնորդություն, դատարանը չի կարող դա քննարկել։

«Ես առարկում եմ ներկայացված հայցի փոփոխման դեմ, գտնում եմ, որ այն ակնհայտորեն իրավունքի չարաշահում է։ Դատարանի դիրքորոշումն ինձ համար անհասկանալի է, որն ասում է՝ հայցվոր կողմն է որոշում, ինչ ուզում, ներկայացնում է․ դա այդպես չէ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքով կա նորմ, եթե գործ ունենք իրավունքի չարաշահման հետ, ապա պետք է այս միջնորդությունն ընդհանրապես չքննարկվի։ Այն անհիմն է, ենթակա է մերժման»,-նշեց Արմեն Ֆերոյանը։

Հայցվորի ներկայացուցիչ Գևորգ Քոչարյանը, պատասխանող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումները լսելով, ասաց՝ իրենց իրավունքն է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված կարգով հիմքի առարկայի փոփոխության միջնորդություն թույլատրելու խնդրանքով դիմել դատարանին, և դատարանն էլ ընդամենը երեք հանգամանքների գնահատմամբ պետք է այդ հարցը լուծի։

Միջնորդության քննարկումը ավարտվեց, դատական ակտը կհրապարակվի, կուղարկվի կողմերին։

Հաջորդ դատական նիստը՝ մայիսի 6-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել