Հրապարակման մեջ առկա բոլոր լուսանկարներն արվել են դատավարության կողմերի մասնակցությամբ այլ նիստերի ժամանակ։
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, Հեղուշ Գալստյանի, Անգելինա Գասպարյանի, ոստիկանապետի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի, Անժելա Գասպարյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Համլետ Հարությունյանը նիստի սկզբում հայտնեց, որ միջնորդություն ունի ներկայացնելու։
Ինչպես նշեց դատախազը, 2024 թվական փետրվարի 23-ին կայացվել է ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ որոշում, որով հայցվոր կողմը պետք է ապացուցի Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող հողամասի վրա կառուցված գույքը Հեղուշ Գալստյանին սեփականության իրավունքով պատկանելու հանգամանքը․ «Մենք, հօգուտ ՀՀ-ի, խնդրել ենք բռնագանձել Գեղարքունիքի մարզի նշված հասցեի հողամասի կառուցապատման իրավունքը։ Բռնագանձման խնդրանքն ուղղված է եղել գույքին՝ ինչ իրավունքով է այն պատկանել Հեղուշ Գալստյանին»։
Դատախազը խնդրեց փոփոխել նշված գործով կայացված ապացուցման պարտականության բաշխման մասին որոշումը՝ նշելով, որ այս մասով հայցվորը պետք է ապացուցի նշված հասցեի հողամասի վրա կառուցված գույքը Հեղուշ Գալստյանին կառուցապատման իրավունքով պատկանելու և նշված գույքի կառուցման իրավունքները չհիմնավորելու փաստերը։
Փաստաբան Վարազդատ Ասատրյանի կարծիքով՝ կողմն այս միջնորդության իրավատեր չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ հայցի առարկայի համապատասխան հստակեցում չի արվել։ Դրա բացակայության պայմաններում նշված փոփոխությունը «առնվազն թույլատրելի չէ»։
Դատարանը որոշեց այս միջնորդությունը բավարարել մասնակի՝ նկատի ունենալով, որ Գեղարքունիքի մարզի նշված հասցեի հողամասի նկատմամբ Հեղուշ Գալստյանն ունի կառուցապատման իրավունք, և, ըստ էության, հայցվորի պահանջը հողամասի կառուցապատման իրավունքի բռնագանձման պահանջն է, հետևաբար, այդ հողամասի վրա կառուցված գույքի սեփականության իրավունքով պատկանելու փաստը ապացուցելու բեռը՝ դրված հայցվորի վրա, դատարանը հանում է։ Կմնա միայն ապացուցել, որ հողամասի նկատմամբ Հեղուշ Գալստյանը կառուցապատման իրավունք ունի։
Հաջորդ միջնորդությունը վերաբերում էր մի քանի տեսագրությունների էլեկտրոնային կրիչի առկայությանը։ Հայցվորի ներկայացուցչի խոսքով՝ կրիչում առկա է 7 տեսագրություն։
Ըստ դատախազի․
Առաջին տեսագրությամբ ապացուցվել է նշված նույնականացման համարի և հաշվառման համարանիշի` Range Rover Sport SC3 մակնիշի ավտոմեքենայի իրական շահառու Վլադիմիր Գասպարյանի հանդիսանալու փաստը։ Տեսանյութը հրապարակվել է 2023 թվականի հունվարի 17-ին։
Երկրորդ տեսագրությամբ ապացուցվել է նույն մեքենայի իրական շահառու Վլադիմիր Գասպարյանի հանդիսանալու փաստը։
Երրորդ տեսագրությամբ ապացուցվում է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի և Երևանի Փափազյան փողոցում գտնվող գույքերի իրական շահառուն Վլադիմիր Գասպարյանի հանդիսանալու փաստերը։
Չորրոդ տեսագրությամբ ապացուցվում է առաջին երկու կետերում նշված ավտոմեքենայի իրական շահառուն Վլադիմիր Գասպարյանի հանդիսանալու փաստը։
Հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ տեսագրություններով ապացուցվում է Գեղարքունիքի մարզում գտնվող գույքերի իրական շահառուն Վլադիմիր Գասպարյանի հանդիսանալու փաստը։
Ներկայացված միջնորդությամբ պայմանավորված՝ դատախազը խնդրեց գործով հայցադիմումի և հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը թույլատրել որպես գրավոր ապացույցներ, թույլատրել միջնորդությանը կից ներկայացված տեսագրությունները և դրանց էլեկտրոնային կրիչը։
«Ապացուցման էլեկտրոնային կարգը շատ ավելի արդյունավետ է»,- նշեց Համլետ Հարությունյանը։
Փաստաբան Վարազդատ Ասատրյանն առարկեց․ «Առարկությանս մի մասը վերաբերում է նրան, որ այս միջնորդությամբ ներկայացված ապացույցները, ըստ էության, ուսումնասիրությունից հետո ձեռք բերված ապացույցներ են, ավելին՝ հայցի հարուցումից հետո ձեռք բերված ապացույցներ են»։
Նա նշեց, որ այս միջնորդությունը անձամբ ստացել է մարտի 11-ին, և վատառողջ լինելու պատճառով հնարավորություն չի ունեցել ամբողջությամբ միջնորդությանն անդրադառնալ։ Փաստաբանը խնդրեց՝ այս միջնորդության բովանդակային անդրադարձի հնարավորություն տալ։
Դատախազը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ ընդգծելով․ «Մենք տեսնում ենք, որ պատասխանող կողմը տարբեր ժամանակահատվածներում, բայց մի քանի պրոֆեսիոնալ իրավաբաններով է ներկայացված, այսինքն՝ այնպես չէ, որ միայն պարոն Ասատրյանն է գործող փաստաբանը, եթե նույնիսկ մի ներկայացուցիչը վատառողջ է եղել, դա որևէ կերպ չի զրկում պատասխանողին մյուս ներկայացուցչի միջոցով այդ գործողությունը կատարել»։
Դատախազի պնդմամբ՝ նիստը նախագահողի կողմից մի քանի անգամ, տարբեր դեպքերով պայմանավորված, արձանագրվել է, որ դատարանի մոտ ձևավորված ներքին համոզմունք կա, որ պատասխանողների ներկայացուցիչների կողմից գործողություններ են կատարվում նիստը «անհարկի» ձգձգելու ուղղությամբ։
Դատարանը, քննարկելով ապացույցները ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասով միջնորդությունը, որոշեց այն բավարարել, և պատասխանող կողմին ժամկետ տրամադրել մինչև մարտի 25-ը՝ նոր ապացույցներ ներկայացնելու համար, իսկ առհասարակ բոլոր հարցումների պատասխանները մինչև ապրիլի 8-ը դատավարության բոլոր մասնակիցներին ուղարկելու համար։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։
Մարիամ Շահնազարյան