Ի՞նչ են պահանջում ցուցարարները Վրաստանի իշխանություններից

Մարտի 7-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ցույցի մասնակիցները սկսել են ոստիկանների վրա «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։ Իրավապահներն իրենց հերթին կրակ են բացել ռետինե փամփուշտներով։

Վրաստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել բողոքի ցույցին և խոստացել վետո դնել օրենքի վրա։

Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Համաձայն օրենքի նախագծի՝ հանրային սեկտորի բոլոր այն կազմակերպությունները, որոնք արտերկրից ֆինանսավորում կստանան, համարվելու են օտարերկրյա ազդեցության գործակալներ:

Այսօր՝ մարտի 8-ին, ցուցարարները պահանջում են խորհրդարանից հանել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը և ազատ արձակել նախորդ օրը ձերբակալված ցուցարարներին։

Այս պահանջների կատարման համար երկրի ղեկավարությանը տրված 1 ժամը ավարտվել է։ Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար սկսել են ջրցան մեքենաներ օգտագործել։

Հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ իրավապահների կողմից ձերբակալվել է ընդհանուր առմամբ 76 քաղաքացի։

Վրաստանի ՆԳՆ-ն կոչ է արել հանրահավաքի բոլոր մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից, պահպանել հասարակական կարգի նորմերը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։

Իշխող կուսակցությունը դիտարկել է օրենքի երկու տարբերակ՝ այսպես կոչված «վրացական» և «ամերիկյան»:

Արդյունքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է վրացական տարբերակը։

– Շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, եթե նրանց եկամտի 20%-ից ավելին ստացվի արտերկրից։
– Նման կազմակերպություններից պահանջվում է գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, իսկ մերժման դեպքում տուգանք է նախատեսվելու։
– Ամեն տարի նրանցից պահանջվելու է հաշվետվություն ներկայացնել իրենց ծախսերի մասին։

«Ամերիկյան» տարբերակը օտարերկրյա գործակալի կարգավիճակ է նախատեսում ոչ միայն օտարերկրյա ֆինանսավորմամբ շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց, այլ ընդհանրապես բոլորի, այդ թվում՝ ֆիզիկական անձանց համար: Պահանջները չկատարելը ԱՄՆ-ում կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Ընդդիմությունը քննադատել է ի սկզբանե առաջարկված «վրացական» տարբերակը՝ այն անվանելով «ռուսական»։ Հետո իշխող կուսակցությունը ներկայացրել է «ամերիկյան» տարբերակը՝ ընդդիմությանը ցույց տալու համար, թե որքան կոշտ է այն։

Ի վերջո, առաջին ընթերցմամբ ընդունվեց «վրացական» տարբերակը։ Օրենքը քննադատության է արժանացել նաև Եվրամիության կողմից։

Իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկություն ստանալու համար միացեք Telegram-ի մեր ալիքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել