Արդյո՞ք Մաքսային միությանը միանալու որոշումը պետք է ընդունվեր հանրաքվեի միջոցով

Համաժողովրդական քվեարկությունը կամ  հանրաքվեն` ժողովրդի կողմից անմիջականորեն իշխանության իրականացումն է` Սահմանադրություն ընդունելու կամ դրանում փոփոխություններ կատարելու, օրենքներ ընդունելու, ինչպես նաև պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու եղանակով:

Հանրաքվեի չեն կարող դրվել` Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը:

Համաձայն Սահմանադրության Հանրապետության Նախագահը՝ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

Այսպիսով, հստակ երևում է, որ տվյալ հարցը չի հանդիսանում նախագահի բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված:

Իսկ ի՞նչ կարգով պետք է անցկացվեր տվյալ հարցով հանրաքվեն:

Պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունի կառավարությունը:

Հանրաքվե նշանակելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են այն հարցերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է բացահայտել հասարակական կարծիքը:

Պետության արտաքին քաղաքականությանը, ռազմական և ազգային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելու համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը և հանրաքվեի դրվող հարցերը նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ:

Համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով` ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ:

Այսպիսով, օրենքը թույլ է տալիս, որ պետական կյանքի կարևորագույն հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվեն ժողովրդի կողմից` հանրաքվեի միջոցով:

 

Փաստաբան` Կարեն Քոչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել