ՓՊ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը հանդիպել է Արմավիրի մարզի փաստաբաններին

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը Էջմիածին քաղաքում հանդիպում է ունեցել Արմավիրի մարզի փաստաբանների հետ:

2013թ. սեպտեմբերի 14-ին կայանալիք փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների նախաշեմին՝ պարոն Զոհրաբյանը մարզային շրջայցերի միջոցով գործընկերներին անձամբ է փորձում ներկայացնել իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, որոնք ուղղված են մեր երկրում փաստաբանական համակարգի առաջխաղացմանը:

«Արժևորելով փաստաբանների պալատի գործունեության թափանցիկությունը և միջազգային համագործակցության ակտիվացումը՝ թեկնածուն կարևորում է յուրաքանչյուրի մասնակցությունն ընտրություններին, այնպես էլ ակտիվ ներգրավածությունը Պալատի գործունեության մեջ»,- նշված է Ա. Զոհրաբյանի նախընտրական ծրագրում:

Ա. Զոհրաբյանն իր նախընտրական ծրագրում ներկայացված կետերից առանձնացրեց ու կարևորեց ՀՀ փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ հզորացումը, այդ թվում՝ երիտասարդ փաստաբաններին փաստաբանական գրասենյակներ ժամանակավորապես գործուղելու ծրագրերի մշակում և իրականացումը՝ այդպիսով օժանդակելով նրանց մասնագիտական փորձի ձեռքբերմանը, իսկ փաստաբանական գրասենյակներին՝ կադրային քաղաքականության իրականացմանը: Նա կարևորեց նաև համագործակցության զարգացումն այլ երկրների փաստաբանների պալատների հետ:

Պարոն Զոհրաբյանը կետ առ կետ անդրադարձավ իր նախընտրական ծրագրում ներկայացված դրույթների մանրամասներին: Նա հնարավորություն տվեց ներկա փաստաբաններին իրենց հուզող հարցերի մասին բարձրաձայնել, որպեսզի հետագայում դրանք դառնան իր նախընտրական ծրագրի կետեր:

 

Հանրային թղթակից՝ Լիլիթ Հովսեփյան

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել