Որո՞նք են խնամատար ընտանիքների տեսակները

1. Մասնագիտացված խնամատար ընտանիք, որտեղ խնամք են ստանում հաշմանդամություն կամ ծանր առողջական խնդիրներ ունեցող, դաստիարակության դժվարություններ ունեցող, հոգեկան կամ վարքի խնդիրներ ունեցող, սթրես ապրած, հոգեցնցման (հոգեկան տրավմայի) ենթարկված երեխաները, ինչպես նաև անչափահաս մայրերը կամ նրանց երեխաները:

Մասնագիտացված խնամատարությունը կարող է իրականացվել նաև 18-23 տարեկան անձանց նկատմամբ` որպես պետության կողմից տրամադրվող հետխնամքի աջակցություն` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

2. Ճգնաժամային խնամատար ընտանիք, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են`

ա. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) ծանր հիվանդության դեպքում,

բ. երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) կալանավորման կամ ազատազրկման դեպքում, եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու որոշում չի կայացվել,

գ. եթե երեխային պետք է անհապաղ առանձնացնել ծնողից (այլ օրինական ներկայացուցչից) վերջինիս գործողության կամ անգործության հետևանքով երեխայի կյանքին կամ առողջությանն սպառնացող անմիջական վտանգի դեպքում,

դ. եթե տարերային կամ տեխնածին աղետի հետևանքով երեխայի ծնողի (այլ օրինական ներկայացուցչի) համար անհնար է իրականացնել կամ ապահովել երեխայի խնամքն ու դաստիարակությունը,

ե. եթե ծնողը (այլ օրինական ներկայացուցիչը) հոգ չի տանում երեխայի մասին, այդ թվում` չի ապահովում նրա պատշաճ խնամքը և դաստիարակությունը,

զ. ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում, եթե ծնողները համաձայնություն ձեռք չեն բերել երեխայի բնակության վայրի կամ տեսակցությունների վերաբերյալ:

Ճգնաժամային խնամատար ընտանիքում երեխայի խնամքը կազմակերպվում է ընդհանուր կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխայի մերձավոր ազգականը գրավոր համաձայնություն է տալիս երեխայի խնամքը և դաստիարակությունն ստանձնելու մասին: Այդ դեպքում, հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը և երեխայի խնամատարությունն ստանձնելու ցանկություն հայտնած մերձավոր ազգականի` օրենքով սահմանված պահանջներին համապատասխանությունը, երեխան ճգնաժամային խնամատարության հանձնվում է այդ մերձավոր ազգականին: Ճգնաժամային խնամատարությունը կազմակերպվում է մինչև մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` ևս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ: Այն համարվում է անցումային փուլ, որի ընթացքում պետք է որոշվեն երեխայի հետագա խնամքի ձևը, ժամկետներն ու պայմանները:

3.Արձակուրդային խնամատար ընտանիք, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել անընդմեջ կամ շաբաթական մի քանի օր տևողությամբ, այդ թվում` ոչ աշխատանքային` տոնական, հիշատակի և հանգստյան օրերին: Արձակուրդային խնամատարությունը կազմակերպվում է դաստիարակության դժվարություններ, առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների խնամքը և դաստիարակությունը հոգալու և կազմակերպելու կամ երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված այլ խնդիրներ ունեցող ծնողին (այլ օրինական ներկայացուցչին) աջակցելու նպատակով:

4. Ընդհանուր խնամատար ընտանիք, որտեղ երեխայի խնամքը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել այն դեպքում, երբ առկա չեն վերը նշված երեք տեսակների համար համապատասխան հիմքեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել