Պաշտոնաթող դատավորը պետությունից շուրջ 19 միլիոն դրամ է պահանջում՝ որպես պակաս վճարված աշխատավարձ

2022 թվականի հուլիսի 11-ին, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվեցին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։

Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Մկրտչյանը նոյեմբերի 14-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի, Դատական դեպարտամենտի։

Պաշտոնաթող դատավորը խնդրում է դատարանին պարտավորեցնել պատասխանողին, որպեսզի վերջինս նրան տրամադրի փաստաթուղթ այն մասին, որ իրեն պակաս աշխատավարձ է վճարվել։

Մասնավորապես․

1. 31.05.2010-11.07.2022թթ. ընկած ժամանակահատվածում դատավորի պաշտոնում պաշտոնավարելու տարիներին ընդհանուր առմամբ հավելվաճարի տեսքով պակաս վճարված աշխատավարձի չափը կազմում է 19.248.795,6 դրամ, որից 17.820.171,6 դրամը 31.05.2010-09.04.2018թթ. ընկած ժամանակահատվածի համար, իսկ 1.428.624 դրամը 09.04.2018-11.07.2022թթ. ընկած ժամանակահատվածի համար:

2. 31.05.2010-11.07.2022թթ. ընկած ժամանակահատվածում դատավորի պաշտոնում պաշտոնավարելու տարիներին ընդհանուր առմամբ 19.248.796,6 դրամ գումարի չափով հավելավճարի տեսքով պակաս վճարված աշխատավարձի նկատմամբ ենթակա է հաշվարկման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0,15 տոկոսի չափով տուժանք, այն կազմում է 19.076.410,4 դրամ:

Հայցադիմումը վարույթ է ընդունվել և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։

Դատարանը որոշում է ընդունել ապացույց պահանջելու մասին։

«Տվյալ դեպքում, դատարանն անհրաժեշտ է համարում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ` Կենտրոն նստավայրից պահանջել որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Վարչական դատարան ներկայացնել Արթուր Միշայի Մկրտչյանին 31.05.2010 թվականից մինչև 11.07.2022 թվականն ընկած ժամանակահատվածում պակաս վճարված աշխատավարձի չափի և պակաս վճարված աշխատավարձի նկատմամբ Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 0,15 տոկոսի չափով տուժանքի հաշվարկման վերաբերյալ փաստաթուղթ տրամադրելու վերաբերյալ Արթուր Միշայի Մկրտչյանի կողմից ներկայացված բոլոր դիմումները և դրանց տրված պատասխանները»,-նշվում է դատարանի որոշման մեջ:

Առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել