«Ոստիկանության գործողությունները իրավաչափ են, համաչափ և օրինաչափ: Նրանց կողմից իրականացվող գործողությունները չափից դուրս մեղմ են»,- այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Կոմիտաս 5-ի և Երևանի քաղաքապետարանի հայտնի դեպքերին:
Նրա խոսքերով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել բացառապես այն քաղաքացիներին, ովքեր խախտել են օրենքը և չեն ենթարկվել ոստիկանոթյան օրինական պահանջներին. «Թող օրենքը չխախտեն, մենք էլ բերման չենք ենթարկի: Ոչ մի կապ չունի անձը իգական սեռի ներկայացուցիչ է, թե արական: Եթե թույլ է տվել իրավախախտում, ապա պետք է ենթարկվի պատասխանատվության, քանի որ օրենքի առջև բոլորը հավասար են»:
Փոխոստիկանապետն անդրադարձավ նաև համացանցում տարածված այն լուսանկարին, որտեղ, ակտիվիստների պնդմամբ, ոստիկանը համբուրում է ակտիվստի. «Նման բան չկա: Այդ ոստիկանը պարզապես շատ մոտ է կանգնած եղել այդ աղջկան և փորձել է ուղղել ուսադիրը»:
Եզրափակելով իր խոսքը՝ պարոն Օսիպյանը նշեց, որ ամեն ինչ արվել է, որպեսզի ոստիկանության և քաղաքացիների միջև լարվածություն չառաջանա, սակայն վերջիններս օգտվել են այդ անպատժելիությունից: