Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամների ընտրության կարգավորումները սահմանված են ՀՖՖ կանոնադրության 30-րդ կետով։
Iravaban.net-ն ուսումնասիրել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների կազմը, կազմակերպված ընտրություններն ու պարզել, որ Կանոնադրության մի քանի կետերով խախտումներ են արձանագրվել։
Ավելին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի ներկայիս կազմն օրինական չի գործում, քանի որ լրացել է նրանց պաշտոնավարման ժամկետը։
Դեռ 2019 թվականին գործող Կանոնադրության 37-րդ կետով սահմանված են Գործադիր կոմիտեի կազմի, պաշտոնավարման ժամկետներին վերաբերող կարգավորումները։ Այս կետի համաձայն՝ Գործադիր կոմիտեն 17 անդամից, այդ թվում՝ նախագահը, փոխնախագահը, 15 անդամ, և այս կազմում առնվազն երկուսը պետք է լինեն իգական սեռի ներկայացուցիչ։
Այս կետի 3-րդ մասով սահմանված է, որ Գործադիր կոմիտեի Նախագահը, փոխնախագահը և անդամները պաշտոնավարում են չորս տարի ժամկետով։ Նրանց լիազորությունները ծագում են նրանց ընտրության հարցը քննած Ժողովի ավարտից անմիջապես հետո։
Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2018 թվականի սեպտեմբերի 22-ին «Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում» վերնագրով նյութ է հրապարկել, ըստ որի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ հիմնադիր ժողովը: Ժողովի պատվիրակները հաստատել են ՀՖՖ ՀԿ Կանոնադրությունը։ Բաց քվեարկությամբ Արթուր Վանեցյանն ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։
Հաստատվել է նաև ՀՖՖ գործադիր կոմիտեն հետևյալ կազմով՝
- Արմեն Նիկողոսյան,
- Արմեն Մելիքբեկյան,
- Թովմաս Գրիգորյան,
- Կարեն Շաբոյան,
- Արսեն Թորոսյան,
- Ժաննա Անդրեասյան,
- Սուրեն Պապիկյան,
- Խաչատուր Ադումյան,
- Արեն Մկրտչյան,
- Արթուր Օհանյան,
- Ռուբեն Ռուբինյան,
- Սուրեն Աբրահամյան,
- Ալեն Սիմոնյան,
- Հիրաչ Յագան,
- Մարինա Թաշչյան,
- Հակոբ Սիմիդյան:
2019 թվականի նոյեմբերի 21-ին Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց ՀՖՖ նախագահի պաշտոնից։
ՀՖՖ կանոնադրության 37-րդ կետի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով համապատասխանաբար սահմանված է, որ եթե Գործադիր կոմիտեի որևէ պաշտոն կամ պաշտոնների մինչև 50% դառնում է թափուր, Գործադիր կոմիտեն լրացնում է այդ պաշտոն(ներ)ը մինչև հաջորդ Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում ընտրվում են փոխարինողներ` պաշտոնավարման մնացյալ ժամկետով։
Պաշտոնը ավտոմատ կերպով համարվում է թափուր՝ պաշտոնավարողի մահվան, պաշտոնից հրաժարվելու կամ այն դեպքում, երբ Գործադիր կոմիտեի անդամը չի մասնակցում երեք հաջորդական հերթական նիստի կամ եթե նա հինգ հաջորդական ամիսների ընթացքում չի մասնակցում Գործադիր կոմիտեի նիստերին։
Եթե Գործադիր կոմիտեի պաշտոնների ավելի քան 50% դառնում է թափուր, ապա Արտակարգ հարցերի կոմիտեն (ներկայումս գործող կանոնադրությամբ՝ գլխավոր քարտուղարությունը) գումարում է Արտահերթ ժողով` տվյալ պաշտոններում մնացյալ ժամկետով փոխարինողներ ընտրելու համար։
2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է, որ կայացել է ՀՖՖ 19-րդ Արտահերթ ժողովը։ Հրապարակման համաձայն՝ ժողովի երկրորդ մասում ընտրվել են ՀՖՖ նախագահը՝ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ փոխնախագահը՝ Արմեն Նիկողոսյանը ու ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները՝ հետևյալ կազմով
- Հասմիկ Ղարիբյան,
- Հրաչիկ Աղաբեկյան,
- Գագիկ Աղբալյան,
- Կիմ Առաքելյան,
- Պողոս Գալստյան,
- Աննա Թադևոսյան,
- Տիգրան Հակոբյան,
- Հայկ Ղազազյան,
- Արեն Մկրտչյան,
- Հիրաչ Յագան,
- Բագրատ Նավոյան,
- Արթուր Սահակյան,
- Արմեն Նիկողոսյան,
- Կարեն Շաբոյան,
- Արմեն Շահգելդյան,
- Ալբերտ Սարգսյան։
Համեմատելով Գործադիր կոմիտեի նախորդ կազմի հետ, պարզ է դառնում, որ փոխվել են անդամների 50%-ից ավելին, Գործադիր կոմիտեի կազմում են մնացել Արմեն Մելիքբեկյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը, Արեն Մկրտչյանը, Հիրաչ Յագանը։
Այս ամենից հետևում է, որ Գործադիր կոմիտեի անդամների պաշտոնավարման ժամկետը լրացել է դեռ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, քանի որ Կանոնադրության 37-րդ կետի 7-րդ մասի համաձայն՝ Արտահերթ ժողովին անդամներ ընտրվում են տվյալ պաշտոններում մնացյալ ժամկետով փոխարինելու համար։ Սրան էլ հետևում է, որ 2022թ․ սեպտեմբերի 22-ից հետո Գործադիր կոմիտեի կողմից ընդունված որոշումները չեն կարող լեգիտիմ համարվել։
Ավելին, Գործադիր կոմիտեի վերոնշյալ կազմի անդամներից ևս հրաժարականեր են ներկայացվել․
13․08․20 թ․ – Տիգրան Հակոբյանը,
15․08․20 թ․ – Արմեն Շահգելդյանը,
15․10․22 թ․ – Աննա Թադևոսյանը։
Գործադիր կոմիտեի կազմում նշված չէ նաև Հայկ Ղազազյանի անունը։
Կանոնադրության համաձայն՝ եթե Գործադիր կոմիտեի որևէ պաշտոն կամ պաշտոնների մինչև 50% դառնում է թափուր, Գործադիր կոմիտեն լրացնում է այդ պաշտոն(ներ)ը մինչև հաջորդ Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում ընտրվում են փոխարինողներ` պաշտոնավարման մնացյալ ժամկետով։ Որպես փոխարինող Գործադիր կոմիտեի կազմում որպես անդամ ընտրվել է միայն Մխիթար Հայրապետյանը։
Մնացյալ 3 թափուր տեղերը չեն լրացվել, այնինչ՝ պետք է լրացվեին մինչև հաջորդ ժողովը։
Սա ևս կարող ենք համարել որպես կանոնադրության խախտում։
ՀՖՖ նոր կանոնադրության համաձայն՝ Գործադիր կոմիտեի կազմում կլինի ոչ թե 17, ինչպես նախկինում էր, այլ 13 անդամ․ այդ թվում՝ նախագահը, փոխնախագահը, 11 անդամ, և այս կազմում առնվազն երեքը պետք է լինեն իգական սեռի ներկայացուցիչ։
Օրեր առաջ՝ դեկտեմբերի 16-ին էլ ՀՖՖ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում կկայանա ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը, որի օրակարգային հարցերից մեկը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն է:
—————
Ընդգծենք, որ հարցի վերաբերյալ Iravaban.net-ը պաշտոնական հարցմամբ դիմել է ՀՖՖ նախագահին, սակայն որևէ պատասխան մինչ այս պահը չի ստացել։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Հարցմանը պատասխանելու համար սահմանված 5-օրյա ժամկետն անցել է, իսկ 30-օրյա ժամկետում հարցմանը պատասխանելու վերաբերյալ որևէ ծանուցում չենք ստացել։
Փորձել ենք նաև կապ հաստատել ՀՖՖ աշխատակազմի հետ, սակայն պաշտոնական կայքում հրապարակված հեռախոսահամրին ուղղված զանգերը ևս անպատասխան մնացին։
Հավելենք, որ թեմայի վերաբերյալ ՀՖՖ մեկնաբանության դեպքում Iravaban.net-ը պատրաստ է հրապարակել այն։