Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունները զգալի շատացել են՝ հատկապես Արդարադատության նախարարի կողմից

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները 3-ն են, որը սահմանված է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածով։ Այս հոդվածում վերջին անգամ փոփոխություններ, լրացումներ կատարվել է 2020 թվականի մարտի 25-ին։ 

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`

1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը,

2) Լիազոր մարմինը, որը արդարադատության նախարարն է,

3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Iravaban.net-ն ուսումնասիրել է 2020, 2021 և 2022 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ հարուցված կարգապահական վարույթները։ 

Հարկ է նշել, որ նշված տարիներին կարգապահական վարույթներ հարուցվել են առավել շատ արդարադատության նախարարի կողմից և յուրաքանչյուր հաջորդ տարին՝ ավելի շատ, քան նախորդը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն, հրապարակել էր հերթական զեկույցը Գնահատման չորրորդ փուլի շրջանակում արված առաջարկությունների կատարման վերաբերյալ, որի եզրակացությունների բաժնում, 78-րդ կետում, անդրադարձ էր  կատարել դատական համակարգին։ Դրանում նշված է․

«Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա արդարադատության նախարարի դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում չի դադարեցվել, և ներկայիս իրավիճակը անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ:

Դատավորների աշխատանքի ընդունման և առաջխաղացման վերաբերյալ որոշումների համար առկա են բողոքարկման ճիշտ մեխանիզմներ, սակայն դրանք չկան ազատման որոշումների համար․․․»:

Այնինչ, այդ ժամանակ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը 2021թ․ սեպտեմբերի 30-ին, կառավարության հերթական նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին, նշել էր․ «Ես շատ ավելի շատ կարգապահական վարույթներ եմ հարուցելու, շատ ավելի ուշադիր եմ լինելու դատավորների կողմից խախտումների նկատմամբ և դրա համար ներգրավել եմ շատ ավելի շատ աշխատակիցներ, որպեսզի մենք տեսնենք, թե համակարգում որ դատավորն ինչ սխալ է թույլ տալիս՝ դատավարական կամ նյութական, որպեսզի կարգապահական վարույթներ հարուցվեն»։

Փաստացի, ստացվեց այնպես, որ Կարեն Անդրեասյանն այդպես էլ վարվեց։

2022 թվականի հոկտեմբերի 7-ին էլ, ԲԴԽ-ում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքներով արդեն խորհրդի գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվեց:

——————

Ըստ ՀՀ դատական իշախանության պաշտոնական կայքում կարգապահական վարույթների վերաբերյալ հրապարակված որոշումների, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարուցված վարույթներով ունենք հետևյալ պատկերը։

Նշենք, որ ներկայացված վիճակագրությունում տեղ չեն գտել ԲԴԽ գիտնական անդամների վերաբերյալ ներկայացված միջնորդությունները և Հատուկ հանձնախմբի կողմից ներկայացված միջնորդությունը՝ այդ ժամանակահատվածում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված), Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ, որի լիազորությունները դադարեցվել են։

Հ․Գ – Վիճակագրությունն առավել փաստական դարձնելու համար գրավոր հարցմամբ դիմել ենք Դատական դեպարտամենտին, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Դատական դեպարտամենտը հավաքում և վարում է դատական վիճակագրություն։ Այս հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով սահմանված է, որ դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման մասերով՝ հարուցված կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման վարույթների քանակները՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, կարճված վարույթներով գործերի քանակները՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման դեպքերի քանակները և դատավորի նկատմամբ հարուցված վարույթի արդյունքի (ներառյալ` տույժի տեսակի) վերաբերյալ տվյալներ։

Արդյունքում՝ վերևում ներկայացված վիճակագրությունում հնարավոր է փոփոխություն կատարվի, ինչի վերաբերյալ այս նյութում հավելյալ նշում կարվի։ Սակայն ընդգծենք, որ հնարավոր փոփոխությունը չի փոխելու հարուցված վարույթների վերաբերյալ ընդհանուր պատկերը։ 

______

ԶԼՄ-ներն Iravaban.net-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել