Է.Ռուստամյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և երրորդ անձ «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2012 թվականի մայիսի 02-ի թիվ 1200048525 և «Ճանապարհային ոստիկանության 2012 թվականի մայիսի 02-ի` վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1200048525 որոշումն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» ճանապարհային ոստիկանության պետի 2012 թվականի հուլիսի 21-ի որոշումներն անվավեր ճանաչելու և վերացնելու պահանջների մասին։
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը՝ հայցվորը դիմելով դատարան հայտնում է, որ ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ Ա.Սարգսյանի 02.05.2012 թվականի թիվ 1200048525 որոշմամբ ինքը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 10.000 դրամ տուգանքի։ Որոշման «պարզեցի» մասում նկարագրված է ճանապարհային երթևեկության կանոնի խախտման դեպքը` սահմանված արագությունը 11կմ/ժ-ով գերազանցելու վերաբերյալ։ Որոշման համաձայն` ք.Երևան, Սարալանջի փողոցում թույլատրելի առավելագույն արագությունը սահմանված է 60կմ/ժ։ Տրանսպորտային միջոցի արագությունը ըստ արագաչափ սարքի կազմել է 71կմ/ժ։ Որոշմամբ շարադրված փաստական հանգամանքների հետ համաձայն չլինելու պատճառով 09.07.2012 թվականին ներկայացրել է բողոք, որը Ոստիկանության պետի 21.07.2012 թվականի` ճանապարհային ոստիկանության 02.05.2012թ. վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1200048525 որոշումն անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշմամբ թողնվել է առանց բավարարման։
Արագաչափ սարքը «JENOPTIK Robot GmbH» ֆիրմայի «Multa Radar SD 580» տեսակի արտադրանք է, ներկրվել ու շահագործվում է «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից և, որպես տեխնիկական միջոց, ունի ստուգաչափման շեղման հնարավորություն, ինչը հայտարարվում է արտադրող ընկերության կողմից և հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Չափագիտության Ազգային ինստիտուտի կողմից` համապատասխան վկայագրով։ Ըստ վկայագրի` արագաչափ սարքի /ռադարի/ չափման շեղումը հավասար է 3 տոկոսի։ Վկայագիրը տրվել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որը Ոստիկանության հետ կնքված 13.06.2011 թվականի ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02 պայմանագրի շրջանակներում ներդրել և շահագործում է արագաչափ սարքերը և կրում է պայմանագրային պատասխանատվություն արագաչափ սարքերի ստույգ աշխատանքի համար։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ` ՎԻՎ օրենսգիրք) 124.4-րդ հոդվածի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 11-20կմ/ժ-ով գերազանցելը, առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։ Արագաչափ սարքն արձանագրել է սահմանված արագությունը 11կմ/ժ-ով գերազանցելու փաստ։
Եթե արագաչափ սարքի շեղումը հավասար է 3 տոկոսի, իսկ 71 կմ/ժ արագությունը արձանագրելիս, արագաչափ սարքը կարող էր թույլ տալ 71կմ/ժx3%=2,13կմ/ժ արագության շեղում, հետևաբար` 71կմ/ժ-2,13կմ/ժ=68.87կմ/ժ։ Այսպիսով, փաստացի արագությունը կարող է լինել 68 կամ 69կմ/ժ, ինչը բացառում է վարչական պատասխանատվության միջոցի կիրառումը։
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դատարանին հատնել է, որ «JENOPTIK Robot GmbH» ֆիրմայի «Multa Radar SD 580» տեսակի արտադրանք է, շահագործվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի կողմից, սակայն հայցվորը սխալ է վկայակոչում արագաչափի տեխնիկական, չափագիտական տվյալները` «չափման հնարավոր շեղումը հավասար է 3 տոկոսի»։ Իրականում չափման շեղում տեխնիկապես գոյություն չունի։ Հայցվորի կողմից ներկայացված վկայագրով 3 տոկոսի շեղում նշված չէ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Չափագիտության Ազգային ինստիտուտի կողմից տրված ստուգաչափման մասին թիվ 004342 վկայականի համաձայն` արագաչափի ճշտության դասը, կարգը /սխալանքը/ կազմում է + 1կմ/ժ։ Արտադրող ընկերությունը չի հայտարարել, թե արագաչափը ունի ստուգաչափման շեղում։ Այս պնդումն անհիմն է։ Իրականում, արագաչափը ճշգրիտ չափում իրականացնող սարք է, սխալի հավանականությունը մոտ է զրոյի։ Արագաչափի ծրագրավորման դեպքում 0 ամբողջ տասնորդականները բացառապես նվազեցվում են, այսինքն` 71,9կմ/ժ արագությունը արձանագրվում է 71կմ/ժ։ Կլորացումները իրականացվում են միայն նվազեցման սկզբունքով և այս միջոցը ընտրվել է հնարավոր բոլորշեղումներից խուսափելու նպատակով։ Արագաչափի արձանագրած արագությունը համապատասխանում է տրանսպորտային միջոցի փաստացի արագությանը։ Նշվածը հաստատվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության 19.07.2012 թվականի թիվ ՎՍ-249 գրությամբ, համաձայն որի` Հայաստանի Հանրապետությունում տեղակայված արագաչափերը «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստուգաչափված են։
Դատարանը գտել է, որ վերոնշյալ որոշումներն անվավեր ճանաչելու և վերացնելու վերաբերյալ հայցվորի պահանջը հիմնավորված չէ։ Արարքը հակաիրավական բնույթի է և պատժելի, քանի որ որպես այդպիսին սահմանված է ՎԻՎ օրենսգրքրի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով։ ՎԻՎ օրենսգրքրի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 11-20կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի, այն է` 10.000 դրամի չափով։ Իսկ հայցվորի կողմից նշված «3 տոկոս ստուգաչափման շեղման հնարավորություն»-ը հերքվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2012թ. հունիսի 22-ի թիվ ՎՍ-182 գրությամբ։ Այդ գրությամբ «JENOPTIK Robot GmbH» ֆիրմայի «Multa Radar SD 580» տեսակի արագաչափեր Հայաստանի Հանրապետություն ներմուծող մեկ այլ, այն է` «Էլիպս Ջի Էյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենին հայտնվել է, որ Չափագիտության ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված ստուգաչափման վկայականների վրա նշված հարաբերական սխալանքի սահմանը պետք է լինի + 1%, + 3%-ի փոխարեն։ Նշվել է նաև. «Տեղի է ունեցել վրիպում, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։
Ուստի դատարանը վճռել է հայցը մերժել։
Սույն գործի վարույթը ներկայումս շարունակվում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում՝ հայցվոր կողմի բողոքի հիման վրա: