Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ Վրաստան կատարած պաշտոնական այցի մասին հենց երեկ առավոտյան էլ հայտնի դարձավ: Ալիևի այցի մասին տեղյակ չէին ոչ վրացական մամուլում, ոչ քաղաքական դաշտում, անգամ տեղյակ չէր երկրի կարևոր դեմքերից մեկը՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Ինչևէ, Ալիևը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, «վայելեց» Մցխեթայի մունիցիպալիտետում գտնվող Մուխրանի դղյակում իր պատվին բացված «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսը, Ղարիբաշվիլիի հետ լուսանկարվեց Ռուսական կայսրության գեներալ Իվանե Բագրատիոն-Մուխրանսկու դիմանկարի ֆոնին, նաև Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում մի շարք կարևոր հայտարարություններ արեց:
Այս ամենը բուռն քննադատության ալիք բարձրացրեց վրաստանյան քաղաքական դաշտում: Ըստ քաղաքագետ-վերլուծաբանների` այս «հանկարծակի» այցը հստակ մեսիջներ ուներ:
Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով, Ադրբեջանի նախագահի այցը և արած հայտարարությունները միանշանակ կարևոր էին, և որոշ նրբերանգներ կային դրանցում, բայց ամեն դեպքում այցի ու հայտարարությունների արդյունքն ապագայում ավելի ակնառու կլինի:
«Երբ Ալիևը Պրահայում հանդիպում էր Հայաստանի, Թուրքիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ, այդ ժամանակ ներկա չէր Ղարիբաշվիլին, նա կողքի սենյակներից որևէ մեկում էր: Այս ամենից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելեց Ադրբեջան, որից հետո Ալիևը եկավ Վրաստան. այստեղ, բնականաբար, պատահականություներ չկան»,- ասել է Զաքարեիշվիլին:
Վերլուծաբան Զուրաբ Բատիաշվիլիի խոսքով, դիվանագիտության մեջ կարևոր է յուրաքանչյուր մանրուք, հատկապես շրջանակի մեջ պարփակվածները, որոնք սովորաբար պարունակում են որոշակի ուղերձ-մեսիջներ։
«Ես հստակ չգիտեմ, թե Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին ինչ ուղերձ կամ մեսիջ էր ուզում հղել, երբ հյուրընկալեց Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ Ռուսական կայսրության գեներալ Իվանե Բագրատիոն-Մուխրանսկու դիմանկարի ֆոնին լուսանկարվելու համար: Թե ինչ մեսիջ կարող է լինել այս ամենը Թուրքիայի գլխավոր դաշնակից Ադրբեջանի համար, դատեք ինքներդ»,- գրել է Բատիաշվիլին:
Հարկ է նշել, որ Իվանե Բագրատիոն-Մուխրանսկին Ռուսական կայսրության ծառայության ամենահարուստ վրացին էր. Ռուսաստանի կայսրից նա ստացել է ռուսական գլխավոր՝ Սուրբ Գեորգի երրորդ աստիճանի շքանշան՝ թուրքերի դեմ պայքարում ցուցաբերած նվիրումի համար: Նա ակտիվորեն մասնակցել է նաև Շամիլի դեմ պատերազմում և եղել Երևանի գնդի հրամանատարը։ Կրթությունը ստացել է Պետերբուրգի պաժերի կորպուսում։
Անդրադառնալով Ղարիբաշվիլիի այն հայտարարությանը, թե «այն ամենն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով», Բատիաշվիլին հակադարձել է.
«Իսկ դուք ո՞վ եք, որ կանգնեք ու ասեք պատերազմող ժողովրդին, որը ազատության համար այդքան զոհեր է տվել, թե ինչպես վարվի»:
Բատիաշվիլին ուշագրավ է համարում նաև այն, որ Ղարիբաշվիլին իր խոսքում Ռւկրաինայում ընթացող պատերազմը չի անվանել հենց պատերազմ, այլ ասել է՝ «այն ամենն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) նախագահ, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին կարծում է, որ Ադրբեջանի նախագահի այցը Վրաստանի դիրքավորմանը և տարանցիկ կարգավիճակի ամրապնդմանը ծառայելու փոխարեն` վերածվեց մեծ խնդրի։
«Ոչ ոք՝ ո՛չ մամուլը, ո՛չ փորձագիտական շրջանակը, չգիտեր դրա մասին։ Այո՛, լինում են գաղտնի կամ փակ այցելություններ, բայց երբ հանկարծ ամբողջ քաղաքը դրոշներով զարդարված է, դա իսկապես ցույց է տալիս, որ սա այդ կարգի այցելությունների շարքից չի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։