Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Հիմնական կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. դրանք հինգն էին: Դա ներառում է միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet-ին տված հարցազրույցում։
Նշենք, որ 5 սկզբունքները ներառում են երկողմանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջների բացակայություն և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն: Կողմերը պարտավորվում են նաև զերծ մնալ միջպետական հարաբերություններում անվտանգության սպառնալիքից և այլն։
Չավուշօղլուի խոսքով, Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երեւանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։
«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք սա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է պատասխանել։
Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելել է, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական է եղել։