Երանուհի Թումանյանցը, որպես ԹԻՀԿ-ի փաստաբան, 2020 թ.-ին դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

Բարձրագույն դատական խորրդի անդամ Երանուhի Թումանյանցը 2020 թվականին, որպես փաստաբան, դատարան հայցադիմում է ներկայացրել այդ ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և փոխվարչապետի գրասենյակի դեմ։

2020 թվականի նոյեմբերի 2-ին «Թրանսփարենսի Ինեթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Սոնա Այվազյանի, պայմանագիր է կնքել փաստաբաններ Դավիթ Գյուրջյանի, Գենյա Պետրոսյանի, Երանուհի Թումանյանցի հետ։

Պայմանագիրը ներառված է Երանուհի Թումանյանցի, որպես ԲԴԽ անդամի թեկնածու, ներկայացրած փաստաթղթերում։

Կատարողները պարտավորվել են․

«1․ Ուսումնասիրել անհրաժեշտ փաստաթղթերը, կազմել և դատարան ներկայացնել հայցադիմում՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և նրա գրասենյակին «Թրանսփարենսի Ինեթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությանը 01․07․2020 թ․ հարցմամբ հայցված տեղեկատվությունն ամբողջությամբ /ներառյալ հայցված փաստաթղթերը/ տրամադրելու  պարտավորեցման պահանջով։

2․ Հարուցված դատական գործի շրջանակում՝ Վարչական, Վերաքննիչ վարչական, Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններում ներկայացնել Պատվիրատուի շահերը, մասնակցել դատական նիստերին և կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները, այդ թվում՝ ըստ անհրաժեշտության վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ կամ պատասպաններ, Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու, ինչպես նաև գործով անհրաժեշտ ապացույցների ձեռքբերման և ներկայացման հետ»։

Նշված պայմանագրով Թրանսփարենսի Ինեթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Երանուհի Թումանյանցին վճարել է 250․000 դրամ։

Iravaban.net-ը հայտնում է, որ վարչական դատարանը՝ դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, 2022 թվականի փետրվարի 3-ին վճռել է․

««Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության` 01.07.2020 թվականի հարցմամբ հայցված տեղեկատվությունն ամբողջությամբ, ներառյալ` հայցված փաստաթղթերը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել»։

Այս գործով վճիռը բողոքարկվել է Վարչական վերաքննիչ դատարան։ Դատական նիստ է նշանակվել 2023 թվականի փետրվարի 23-ին։

Լուսանկարում՝ Տիգրան Ավինյանը, Երանուհի Թումանյանցը, Սոնա Այվազյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել