Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են, և մենք որևէ միջազգային կենտրոնի հետ չենք քննարկելու, թե ինչպես դասավորենք նրանց կյանքը։ Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ակնայում (Աղդամ) հրավիրված քաղաքաշինության ազգային ֆորումում։
Հերթական անգամ կենտրոնանալով Ղարաբաղի ադրբեջանական հող լինելու վրա՝ Ալիևն ասել է, որ դա ապացուցվել է 44-օրյա պատերազմով։
Նրա խոսքով՝ նույնիսկ օկուպացիայի տարիներին աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել այս ռեժիմը։ Ալիևն իր ելույթում անդրադարձել է նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։
«Մենք որոշակի լավատեսություն ենք զգում խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Օրեր առաջ կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ առաջին նման հանդիպումը՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման հետ։ Հուսով ենք, որ դա երկար չի տևի:
Մենք գիտենք այն մարտավարությունը, որը սովորաբար օգտագործում է Հայաստանը, երբ չի ցանկանում բանակցել, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության շուրջ 27 տարի տևած բանակցություններում։ Եթե այսպես շարունակվի, խաղաղություն չի հաստատվի։ Իսկ եթե սա Հայաստանի ընտրությունն է, ուրեմն նշանակում է, որ նա հերթական լուրջ սխալն է անում»,-ասել է Ալիևը։