Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ամբիոնից ելույթի ժամանակ նման հայտարարել է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացումը Հարավային Կովկասում խաղաղության բանալին է։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի մշակման նախաձեռնությամբ և այդ նպատակով հաստատել է համապատասխան հանձնաժողով։ Միաժամանակ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։
«Հայաստանը դեռևս հավատարիմ է բանակցությունների իմիտացիայի պրակտիկային և իր պարտավորությունները կատարելու փոխարեն հաճախ դիմում է սադրանքների՝ խաթարելու խաղաղ գործընթացը»,- ասել է Բայրամովը։
Նա հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպման վայրն ու ժամը՝ քննարկելու խաղաղության համաձայնագրի նախագիծը։
«Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայում։ Ցավոք, նրա ելույթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը դեռևս հավատարիմ է հարաբերությունները կարգավորելու փոխարեն առճակատումը շարունակելուն»,- ասաց ԱԳ նախարարը։