Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 15-16-ը անցկացրել է Սամարղանդում, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է Meduza-ն։
Ուղևորության ընթացքում Պուտինը հանդիպել է Չինաստանի, Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի և ասիական այլ երկրների ղեկավարների հետ, որոնց հետ Ռուսաստանի համար հարաբերությունները պատերազմի սկսվելուց և Արևմուտքի հետ հարաբերությունների խզումից հետո շատ ավելի կարևոր են դարձել, քան նախկինում։ Գագաթնաժողովում համագործակցության մասին սկզբունքորեն նոր հայտարարություններ չեղան, փոխարենը չինական կողմի հայտարարությունների տոնով սառեցում է նկատվել, և Հնդկաստանի վարչապետը Պուտինին ասել է, որ այժմ «պատերազմների դարաշրջանը չէ»։
Ռուսաստանի նախագահի համար սա գագաթնաժողովի միակ անհարմար պահը չէր. ահա թե ինչ եղավ նրա հետ Սամարղանդում։
Ռուսաստանի նախագահը հայտնի է իր ուշացումով, օրինակ՝ մի անգամ 45 րոպեով ուշացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից։ Բայց Սամարղանդում նա ստիպված էր սպասել միանգամից մի քանի երկրների՝ Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի և Ղրղզստանի ղեկավարներին։