ԱՄՆ պետքարտուղարը կշարունակի անձամբ ներգրավված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների կարգավորման գործընթացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

Էնթոնի Բլինքենն իր ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է․ «Պետքարտուղարը վերահաստատել է մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու հարցերը խաղաղ կերպով։ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված լինել»,- հայտնել է Փրայսը։

—————————

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ողջ օրվա ընթացքում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Սեպտեմբերի 14-ին թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Հայկական կողմի զոհերի թիվը սեպտեմբերի 16-ի դրությամբ 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել