Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ից 10-ը Խարկովի և Խերսոնի շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ ավելի քան չորս հազար ուկրաինացի զինվոր է զոհվել, ավելի քան ութ հազար մարդ վիրավորվել է։
«Ընդհանուր առմամբ, միայն այս երկու ուղղություններով՝ սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 10-ը Կիևի ռեժիմի կորուստները կազմել են ավելի քան չորս հազար սպանված և ավելի քան ութ հազար վիրավոր»,- հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ուկրաինական բանակը հայտարարել է՝ հակահարձակում է սկսել օկուպացված Խերսոնի շրջանում։ Նույն օրը ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ «ձախողվել է»։ Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի Զինված ուժերը հարձակում սկսել են Խարկովի մարզում և ազատագրել են ավելի քան 30 քաղաքներ և գյուղեր, որոնք օկուպացված էին գարնանից:
Խարկովի մարզում ռուսական ստորաբաժանումները նահանջել են։