Զորամասում ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար նախատեսված պատիժները մեղմացվել են

Քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսված ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։

Iravaban.net-ը տեղեկցանում է, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական նոր օրեսնգրքով որոշ դեպքերում պատժաչափերը մեղմացվել են։

1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով (նախկինում՝ 1-2 տարի ժամկետով), կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով (նախկինում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով):

2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը`

պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով (նախկինում՝ 1-3 տարի ժամկետով), կամ կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով (նախկինում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով):

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից կամ

3) առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով․ (նախկինում՝ ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով)։

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում՝

պատժվում է ազատազրկմամբ` 3-6  տարի ժամկետով (նախկինում՝ ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով):

5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով (նախկինում՝ ազատազրկմամբ՝ 8-13 տարի ժամկետով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել