Բոլորը հավասար են օրենքի առջև և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով․ սա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Աղաբաբյանի մոտեցնում է։
Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում զրուցել է նրա հետ։
-Պարոն Աղաբաբյան, մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության անվանումն իսկ բնականաբար մեծ հետաքրքրություն է առաջացնում հանրության շրջանում. կխնդրեի խոսենք տվյալ ստորաբաժանման գործառություների հիմնական շեշտադրումների մասին:
-ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունը լիազորված է իրականացնելու նախաքննություն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ, մեր վարչությունում քննվում են մարդու դեմ ուղղված առավել մեծածավալ, քննություն առումով բարդություն ներկայացնող և հիմնականում հասարակական հնչեղություն ունեցող քրեական վարույթներ:
-Անընդհատ փոփոխվող ու վերափոխվող աշխարհում, բնականաբար, նոր երանգներ ու որակներ են ստանում մարդու դեմ ուղղված հանցագործությունները. ինչպիսի՞ առանձնահատկությունների մասին կարող ենք խոսել այս ասպարեզում:
-Բնականաբար, հասարակական հարաբերությունների, գիտության ու տեխնիկայի զարգացման ներկա փուլում արձանագրված զարգացումները չէին կարող իրենց կնիքը չթողնել մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության ընթացքի վրա` բարդացնելով քննության մեթոդիկան, առավել դժվարացնելով հանցագործությունների բացահայտումը: Խոսքն առավելապես վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի հնարավորությունների, կիբեռհանցագործությունների կատարման եղանակների կիրառմամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների կազմակերպմանը, կատարմանը, հանցագործությունների կատարման հետքերը քողարկելուն և այլնին, որոնք հնարավոր նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել հանցագործությունները չբացահայտելու, դրանով իսկ հանցանք կատարած անձանց կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու հետ կապված: Այս ամենին զուգահեռ մենք, բնականաբար, փորձում ենք կատարելագործել այդ ասպարեզում կատարվող հանցագործությունների բացահայտման մարտավարությունները՝ հիմքում ունենալով այն նկատառումը, որը վերոգրյալ իրողությունները չպետք է խոչընդոտ հանդիսանան մարդու դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման կամ բացահայտման գործընթացներում:
-Վիճակագրությունում ո՞ր հանցատեսակներն են առավել գերիշխում:
-Մարդու դեմ ուղղված հանցագործություների վարչությունում քննվող քրեական վարույթների գերակշռող մասը վերաբերում են հասարական հնչեղություն ունեցող, քննության տեսանկյունից բարդություն ներկայացնող սպանություններին, սպանության փորձերին և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերին:
-Հիմնականում ո՞ր հանցատեսակների դեպքում է ռեցիդիվ գրանցվում, և ըստ Ձեզ ո՞րն է դրա պատճառը։
-Որպես կանոն՝ ռեցիդիվն առավել հաճախակի արձանագրվում է նույնաբնույթ հանցագործությունների կատարման դեպքում. օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների, հափշտակությունների և նույնաբնույթ այլ հանցատեսակների կատարման դեպքերում: Չնայած որ արձանագրվում է նաև տարաբնույթ հանցագործությունների հետ կապված ռեցեդիվ: Ռեցիդիվի հիմնական պատճառները կարող են խիստ տարբեր լինել և առանձնահատկություններ ունենալ. պարզապես անհրաժեշտ է յուրաքանչյուր առանձին դեպքով կատարել հանցագործությանը նպաստող պայմանների ու պատճառների համակողմանի վերլուծություններ:
-Պարոն Աղաբաբյան, ո՞րն է Ձեր կողմից ղեկավարվող ստորաբաժանման հիմնական սկզբունքը:
-Իմ ղեկավարած ստորաբաժանման հիմնական սկզբունքներից է յուրաքանչյուր վարույթի հանրային մասնակցի կողմից ազնիվ ու անաչառ կերպով դատավարական լիազորությունների իրականացումը` հանուն իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի:
-ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է մի կարևորագույն դրույթ՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է. Ձեր ստորաբաժանման կողմից իրականացվող քննչական գործառույթների շրջանակներում ինչպիսի՞ մոտեցում է ցուցաբերվում այս նորմին:
-Քննչական և վարութային գործողությունների ընթացքում յուրաքանչյուր քննիչ վարույթի մասնավոր մասնակիցներին, օժանդակող անձանց ընդունում է որպես դատավարական իրավունքներ ունեցող և որոշակի պարտականություններ կրող հավասար սուբյեկտների` անկախ նրանց զբաղեցրած դիրքից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից և մյուս հանգամանքներից: Վերը նշված հարցում մեր հիմնական մոտեցումն է` բոլորը հավասար են օրենքի առջև և առանց խտրականության հավասարապես պաշտպանվում են օրենքով:
-Որո՞նք են մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության առաջիկա անելիքները, կա՞ն ծրագրային առաջնահերթություններ:
-Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության առաջիկա անելիքների մեջ են մտնում խորացնել գիտելիքները ՀՀ քրեական և քրեական դատավարության՝ նոր ընդունված օրենսգրքերի դրույթները կիրառելու ընթացքում, կատարելագործել վարչության աշխատակիցների մասնագիտական գիտելիքները` առավել ևս տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցային հնարավորությունների, կիբեռհանցագործությունների կատարման եղանակների կիրառման ուսումնասիրության առումով` էլ առավել արդյունավետ պայքար մղելով հանցավորության դեմ:
-Արդյոք ՀՀ-ում ստացվու՞մ է պատժիչի փոխարեն ուղղիչ արդարադատություն իրականացնել։
-Քրեական իրավունքի տեսության մեջ որոշ հեղինակներ պատժի նպատակներից մեկը դիտարկում են անձի ուղղվելը, վերաինտեգրվելը սոցիալական միջավայր, որը բնականաբար կիրառվում է նաև ՀՀ-ում: Պրակտիկայում հանդիպել են բազմաթիվ դեպքեր, երբ հանցագործություն կատարած անձը իրապես զղջացել է իր կատարած արարքի համար, հասկացել է իր կատարած սխալ քայլը և դուրս գալով քրեակատարողական հիմնակից՝ սկսել է ապրել բոլորովին այլ կյանքով: Մի դեպք մտաբերեցի, երբ մինչդատական վարույթի ընթացքում կալանքի տակ գտնվող անձը համագործակցելու համաձայնություն էր տվել և կալանքից ազատվելուց հետո անկեղծ գնահատանքի խոսքեր էր հնչեցրել քննիչի հասցեին` իր կողմից ընտրած մոլորված ու շեղված ճանապարհից հետ կանգնեցնելու, օրինակելի կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելու համար:
-Արդի հասարակարգում ինչպիսի՞ սկզբունքներ են պահանջվում մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման գործում ներգրավված իրավաբան-քննիչից:
-Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման գործում ներգրավված յուրաքանչյուր քննիչից պահանջվող հիմնական սկզբունքներից է պրոֆեսիոնալ մոտեցումներին տիրապետելը, գործի նվիրյալ, ազնիվ, անաչառ ու կարգապահ լինելը, մարդկային լավագույն որակներ կրելը, թիմային աշխատանքին լիարժեք մասնակցելը, որպեզի հնավոր լինի ապահովել առավել արդյունվետ ու համագործակցված աշխատանք` հանցագործությունների լիարժեք բացահայտման, նպաստող պայմաններն ու պատճառները պարզելու և դրանք վերացնելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: