Հրամանը չկատարելու համար նախատեսված պատժաչափերը փոփոխվել են

Քրեական օրենսգրքի 516-րդ հոդվածով սահմանված են հրամանը չկատարելու համար պատիժները։ 

Iravaban.net-ը հայտնում է, որ նշված արարքների համար նախատեսված պատիժներում որոշակի փոփոխություններ են կատարվել, որոնք ուժի մեջ են մտել հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ է մտել Քրեական նոր օրենսգիրքը։

Սահմանված է նաև, որ այս բաժնով նախատեսված զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով, զինծառայող համարվող անձն է (այսուհետ` զինծառայող):

Այս բաժնում հրամանատար (պետ) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով զինծառայողից բարձր այն անձը կամ զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն` ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ կամ կարգադրություններ տալու կամ դրանց կատարումն ապահովելու իրավասություն:

Եթե զինծառայողն այլ անձի ապօրինի արարքի հետևանքով է ոչ իրավաչափորեն ձեռք բերել զինծառայողի կարգավիճակ, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության սույն բաժնով նախատեսված հանցանքների կատարման համար:

1. Հրամանատարի (պետի) օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառվել, կամ որն անզգուշությամբ հանգեցրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի խոշոր չափերի ոչնչացման կամ վնասման կամ այլ էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

2) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից,

3) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

4) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ 1-2 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով (նախկինում՝ 1-5 տարի ժամկետով):

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով (նախկինում` 8-15 տարի ժամկետով):

517-րդ հոդվածով էլ սահմանված է ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով հրամանը չկատարելու համար նախատեսված պատիժները, ըստ որի․

 1. Ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով հրամանը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառվել, կամ որն անզգուշությամբ հանգեցրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի խոշոր չափերի ոչնչացման կամ վնասման կամ այլ էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից,

2) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ

3) անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում՝

պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել