«Պետք է տարածաշրջանի բնակիչների ավանդույթների և սովորույթների վերաբերյալ ճիշտ պատկերացում ունենալ․ սա արդյունավետ նախաքննության գրավականներից մեկն է»․ Վահե Միրզոյան

Մարզային ստորաբաժանման աշխատանքային առաջնահերթություններից մեկը տարածաշրջանների բնակիչների ավանդույթների և սովորույթների վերաբերյալ ճիշտ պատկերացում ունենալն է, ինչն արդյունավետ նախաքննության գրավականներից մեկն է: Այս կարծիքը Iravaban.netի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Միրզոյանը՝ ներկայացնելով մարզում տիրող իրավիճակը։

-Պարոն Միրզոյան, նախ պետք է խնդրեմ ներկայացնել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության գործունեության հիմնական ուղղությունները:

-ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումները, այդ թվում՝ Արարատի  մարզային քննչական վարչությունը իրենց գործառույթները կազմակերպում են՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով՝ որոնցում հստակ մատնանշված են քննիչների լիազորությունները և աշխատանքային գործունեության ուղղություները: Այնուամենայնիվ, կմատնանշեմ այդ ուղղություններից մի քանիսը՝ հանցավորության դեմ պայքարը, իրավակարգի ամրապնդումը, պետության և քաղաքացիների օրինական շահերի, վերջիններիս իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ արդյունավետ և որակյալ նախաքննություն իրականացնելու միջոցով:

-Փոքր-ինչ խոսենք մարզային առանձնահատկությունների մասին. որո՞նք են Արարատի մարզին բնորոշ առանաձնահատկությունները և դրանք ինչպե՞ս են անդրադառնում մարզային քննչական ստորաբաժանման աշխատանքների վրա:

-Ինչպես ՀՀ յուրաքնաչյուր վարչատարածքային միավոր, այնպես էլ Արարատի մարզը ևս ունի իր առանձնահատկությունները: Մարզն իր կազմում ընդգրկում է Արտաշատի, Մասիսի և Վեդիի տարածաշրջաններր, որոնք միմյանցից առանձնանում են թե՛ բնակչության կոլորիտով, թե՛ այլ առանձնահատկություններով, ինչն էլ իր հերթին անդրադառնում է նաև մարզում արձանագրվող որոշակի հանցատեսակների դինամիկայի վրա: Մեր ստորաբաժանման աշխատանքային առաջնահերթություններից մեկն էլ վերը հիշատակված տարածաշրջանների բնակիչների ավանդույթների և սովորույթների վերաբերյալ ճիշտ պատկերացում ունենալն է, ինչն, անխոս, արդյունավետ նախաքննության գրավականներից մեկն է:

-Պարոն Միրզոյան, մեկ ավանդական հարց, որը հնչել և հնչելու է գրեթե բոլոր մարզային կառույցների հետ հարցազրույցների ընթացքում. Արարատի մարզում ո՞ր հանցատեսակներն են առավել շատ արձանագրվում:

-Հանցավորության դինամիկայի վերլուծությունները թույլ են տալիս առանձնացնել մարզին բնորոշ մի քանի հանցատեսակներ, որոնք ընդհանուր հանցագործությունների թվաքանակի մեջ տեսակարար մեծ կշիռ ունեն:

Մասնավորապես՝ ճանապարհային երթևեկության և  տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու արդյունքում կատարվող հանցագործությունները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը: Ինչ վերաբերվում է ճանապարհային երթևեկության և  տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու արդյունքում կատարվող հանցագործությունների դեպքերի թվային բարձր ցուցչին, ապա տեղին է հիշատակել, որ մարզի տարածքով է անցնում Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Երասխ արագընթաց հատվածը: Բացի այդ, ինչպես գիտենք, մարզն ընդգրկում է Արարատյան դաշտավայրի մեծ հատվածը, որտեղ հողերը, բարենպաստ կլիման նպաստում են մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսերի մշակմանը և հետագայում նաև՝ դրանց իրացմանը:

-Արարատի մարզում շատ են ձկնաբուծարանները։ Ի՞նչ իրավիճակ է այս ոլորտում, որոշ ժամանակ առաջ լինում էին դեպքեր, երբ հաղորդվում էր ձկնաբուծարանների ապօրինի կառուցման, գործունեության մասին։

-Միանգամայն ճիշտ եք նկատել, մարզի տարածքում շատ են ձկնաբուծությամբ զբաղվողները՝  հատկապես Մասիսի տարածաշրջանում, սակայն վերջին տարիներին ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվելու դեպքեր շատ քիչ են արձանագրվել: Այս ամենը  պայմանավորված է  ոլորտը կարգավորող օրեսդրության  փոփոխությունների և մարզի իրավապահ համակարգի ու մյուս  պատասխանատու  գերատեսչությունների համակարգված  աշխատանքով: Որպես այս ամենի վառ վկայություն՝ պետք է նշեմ, որ վերջին մեկ տարում մարզի տարածքում ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվելու դեպքեր չեն արձանագրվել:

-Ինչպիսի՞ ծրագրեր ունեք առաջիկայում Արարատի մարզային քննչական վարչության աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

-Գիտենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ են դրվել  ՀՀ քրեական դատավարության և քրեական նոր օրենսգրքերը, որոնցով շատ ու շատ ընթացակարգեր էապես տարբերվում են նախորդ օրենսդրական կարգավորումներից և արդեն մեկ ամիս է, ինչ քննիչներն աշխատում են, կարելի է ասել, կրկնակի-եռակի ծանրաբեռնվածությամբ: Ասվածին զուգահեռ պետք է նշեմ, որ ՔԿ ղեկավարությունն ամեն ինչ անում է ստորաբաժանման  քննիչների թափուր հաստիքները լիարժեք համալրելու և աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեղմացնելու ուղղությամբ: Բացի այդ, Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի նպատակն է արագ և օպերատիվ արձագանքել նոր օրենսդրական կարգավորումների հետ կապված հարցերին,  վեր հանել ինչպես կենտրոնական ապարատի, այնպես էլ՝ մարզային և այլ ստարաբաժանումների ամենօրյա  աշխատանքներում օրենսդրական փոփոխությունների հետ կապված օպերատիվ լուծում պահանջող խնդիրները և ապահովել անհրաժեշտ լուծումները, ինչը շատ արդյունավետ կատարվում է:

Քննչական կոմիտեին վերապահված ոլորտում պետության քաղաքականությունը լիարժեքորեն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կազմակերվում են ինչպես քննիչների, այնպես էլ՝ ղեկավար կազմի վերապատրաստման դասընթացներ: Մեր ամենօրյա աշխատանքին զուգահեռ ուսումնասիրում ենք նոր օրենսդրությունը՝ այն զուգակցելով գործնական աշխատանքով, ինչը հնարավորություն կտա շատ արագ յուրացնելու նոր փոփոխությունները և իրականացնել արդյունավետ ու որակյալ նախաքննություն: Մեր ստորաբաժանման աշխատանքների արդյունավետության բարձրացման համար, ինչ խոսք, շատ կարևոր է նաև գրագետ ու բանիմաց, քննիչի կոչմանը արժանի կադրերով համալրումը, ինչպես նաև՝  արդեն իսկ աշխատող քննիչների ամենօրյա տքնաջան աշխատանքը՝ ի շահ մեր երկրի, ի շահ մարզի ազգաբնակչության: 

Առաջիկայի մեր հիմնական առաջնահերթությունը կարող եմ համարել վերոնշյալի պատշաճ ու համակողմանի իրագործումը, որը կբերի ստորաբաժանման աշխատանքների շարունակական բարելավմանը:

-Ձեր կարծիքով մարզում աշխատող քննիչն ինչպիսի՞ առանձնահատկություններով պետք է օժտված լինի:   

-Կարծում եմ ինչպես  մարզային, այնպես էլ՝ կոմիտեի մյուս ստորաբաժանումներում աշխատող բոլոր քննիչներն էլ պետք է ունենան նույն որակները, և ես չէի ցանկանա առանձնացնել այնպիսի անձնային կամ մասնագիտական  որակ, որը կբնորոշի միայն մարզային ստորաբաժանումում աշխատող քննիչին: Ուզում եմ նշել, որ իմ բնորոշմամբ  քննիչը ավելի շատ կոչում է, քան՝ պաշտոն: Քննիչի աշխատանքը պատվաբեր և չափազանց պատասխանատու աշխատանք է, որը պահանջում է նախ և առաջ մարդկային և մասնագիտական բարձր որակներ, ինչպես արդեն նշել եմ, նաև ամենօրյա ծանր և տքնաջան աշխատանք՝ արդարացի և օբյեկտիվ որոշումներ կայացնելու վճռականությամբ: Թվարկածս հատկանիշներով օժտված լինելու դեպքում առավել քան համոզված եմ, որ տվյալ քննիչը կգրանցի մասնագիտական մեծ հաջողություններ:

ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել