Սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը (անդամները)՝ վարկառու կամ հիփոթեքային վարկի համավարկառու` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում, իրավունք ունի օգտվելու գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից։
Iravaban.net-ը հայտնում է, որ սա սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ։
Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու համար
Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից օգտվելու դեպքում՝ բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման որոշման 4.7-րդ կետով, N 1 հավելվածի 39-րդ և 40-րդ կետերով սահմանված փաստաթղթերից, սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամն իրեն հիփոթեքային վարկ տրամադրած բանկից կամ վարկային կազմակերպությունից իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում նաև տեղեկանք (եթե այն տրամադրված չէ սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկի կողմից), որտեղ նշված լինի, որ՝
1) սոցփաթեթի շահառուի կամ շահառուի ընտանիքի անմիջական անդամի հիփոթեքային վարկը հանդիսանում է գույքի ձեռքբերման (այդ թվում՝ գնման իրավունքով) կամ կառուցապատման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկ.
2) սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամը հանդիսանում է տվյալ վարկի վարկառու կամ համավարկառու։
Նշված փաստաթղթերից բացի՝ սոցփաթեթի շահառուն կամ նրա ընտանիքի անմիջական անդամն իր սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը կամ վկայականի պատճենը, որով կհավաստվի սոցփաթեթի շահառուի կամ նրա ընտանիքի անմիջական անդամի՝ բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու փաստը։