Արամուսի շուրջ 500 ընտանիք ջրի խնդրի առաջ է կանգնած․ 6 օր է՝ մոտ 80 ընտանիք ջուր չունի

Կոտայքի մարզի Արամուս համայնքի 3-րդ փողոցում արդեն 6 օր է ջուր չկա: Iravaban.net-ը համայնքի բնակիչներից մեկից ահազանգ է ստացել ու փորձել պարզել, թե որն է անջատումների պատճառը։

««Վեոլիա ջուր» ընկերությունը շատ վատ է աշխատում, իսկ օպերատորները, եթե պատասխանում են, միայն հեռախոսի համարն են վերցնում, այդ հիմնարկը չի աշխատում»,-նշում է ահազանգողը:

Iravaban.net-ը կապ հաստատեց Արամուսի գյուղապետ Ստեփան Հակոբյանի հետ:

«Ամեն օր այդ 3-րդ գծի համար տառապում եմ: Ես տեղյակ եմ, որ ջրի հարցը չի լուծվում «Վեոլիա ջուր»-ն էլ ոչինչ չի անում: Ամեն օր չարչարվում ենք, բայց հարցը չի լուծվում: Լինում են դեպքեր, երբ այլ փողոցներում մեկ-երկու օր ջուր չի լինում, մեկ շաբաթ չի լինում, բայց այս մարդիկ 2 ամիս է՝ ջրի խնդրի առաջ են կանգնած։ Հաճախակի անջատվում է, մի քանի ժամով է միանում: «Վեոլիա ջրի» սպասարկման պետին ասում եմ՝ բերեք գիծը փոխենք, ասում են՝ չի լինի, պետք է մնա այդ գծի վրա»,-նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ նախկինում այդ հատվածում եղել է մոտ 200-300 ընտանիք, հիմա բնակվում է մոտ 500 ընտանիք․ «Շինարարություն է ընթանում, գյուղը մեծանում է, բաժանորդները շատանում են, միանում են այդ ջրագծին, ու խնդիր է առաջանում»։

3-րդ փողոցում, որտեղից ստացել էինք ահազանգը, Հակոբյանի խոսքով, բնակվում է շուրջ 70-80 ընտանիք․ «Դա լուրջ խնդիր է, նոր չէ, ես ամեն օր զբաղվում եմ այդ հարցով: Ամեն օր 100 հատ ահազանգ եմ ստանում: Ես էլ այդ հարցը չեմ կարողանում լուծել ոչ մի ձև: Այսօր անընդհատ «Վեոլիա ջրի» պաշտոնյաների հետ եմ խոսել, որ այդ հարցը լուծվի: Ընդհանուր փականը «խեղճացրեցին», որ այդ հատվածում ջուր լինի, գյուղի կեսը ջրազրկվեց, դարձավ ավելի վատ: Բաժանորդների քանակը ավելացել է, ջուրը չի հերիքում»:

Փորձեցինք կապ հաստատել նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցչի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Զանգահարեցինք թեժ գիծ, սակայն՝ «բոլոր օպերատորներն այս պահին զբաղված են»:

Հասմիկ Սարգսյան

Հարգելի՛ քաղաքացիներ, եթե որևէ բողոք ունեք ջրի որակի, ջրանջատման վերաբերյալ՝ կարող եք ֆեյսբուքյան մեր էջին ուղարկել տեսանյութ (օր․՝ ծորակից հոսող ոչ մաքուր ջուր․․․) կամ լուսանկար, նշել հասցեն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել