Հանրային հավաք (այսուհետ` հավաք) անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների:
Լիազոր մարմնին իրազեկման նպատակը պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն է։
Իրազեկումը քննարկող և որոշում կայացնողը համայնքի ղեկավարն է (այսուհետ` լիազոր մարմին): Լիազոր մարմնի որոշմամբ իրազեկումը կարող է քննարկել և դրա վերաբերյալ որոշում կայացնել նրա լիազորած անձը։ Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ։ Իրազեկումը ներկայացվում է գրավոր` անձամբ կամ փոստով։
Լիազոր մարմինն իրազեկումը քննարկում է ըստ իրազեկումների մուտքագրման հերթականության Լիազոր մարմինը իրազեկումը մուտքագրելուց հետո այն անհապաղ ուղարկում է ոստիկանություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով։
Եթե հավաքը նախատեսվում է անցկացնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում կամ դրանց անմիջական հարևանությամբ, ապա մուտքագրվելուց հետո իրազեկումն անհապաղ ուղարկվում է նաև մշակույթի նախարարություն` հավաքի անցկացման վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով:
Համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրազեկման վերաբերյալ լիազոր մարմինը կայացնում է հետևալ որոշումներից մեկը.
1. Որոշում է կայացնում հավաքն իր սահմանած սահմանափակումներով անցկացնելու մասին։
2. Որոշում է կայացնում հավաքն արգելելու մասին։
3. Եթե չի ընդունում վերը նշված որոշումներից մեկը, ապա համարվում է, որ իրազեկումն ընդունված է ի գիտություն։
«Իրավական ակտերի մասին» օրենքի 86-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Կարծում ենք, բոլորի համար ընդունելի է, որ իրազեկել նշանակում տեղեկացնել: Նման բացատրություն է տրվում նաև բոլոր բացատրական բառարաններում. իրազեկել, նշանակում է իրազեկ դարձնել, տեղեկացնել, տեղեկություն տալ, սակայն ոչ՝ դիմել, հայցել իրավունք:
Մինչդեռ, «Հավաքների մասին» ՀՀ օրենքից բխում է, որ օրենքով նախատեսված իրազեկման արդյունքում լիազոր մարմինը պետք է իրականացնի քննարկում, որոշի հավաքի թույտվության հարցը՝ իրավասություն ունենալով նաև իրազեկման արդյունքում արգելել հավաքի անցկացումը:
Արփինե Եղիկյան