Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Iravaban.net-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Թեև ցավալի դեպքը տեսախցիկների առջև է տեղի ունեցել, և այդ պահին որևէ հանցավոր արարքի մասին տվյալներ չկան, բայց հիմք ընդունելով կյանքի իրավունքի երաշխավորման մասին ՄԻԵԿ պահանջները և նկատի ունենալով, որ Արմեն Գրիգորյանը գտնվել է անազատության մեջ՝ փակ հիմնարկում, մահվան պատճառներն ու մյուս հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Գրիգորյանը մահացել է:

Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ապա կալանավորվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել