Վեճը 50 դրամի համար չի եղել. պարզաբանում է 67 Ա երթուղայինի վարորդը (լուսանկարներ)

Երեկ «Ռոսիա»  տոնավաճառի մոտ տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած վարորդի`  33-ամյա Ալեքսան Ղազարյանի առողջական վիճակն արդեն լավ է և շուտով դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցին հայտնեց Էրեբունի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

 

Դեպքի մանրամասներին ծանոթանալու համար, մեր թղթակիցը փորձեց զրուցել նաև Ալեքսան Ղազարյանի  հետ: Սակայն վերջինս հրաժարվեց պատմել դեպքի մանրամասներ` պատճառաբանելով, որ իր  ասածները խեղաթյուրվում են: Միայն նշեց, որ 50 դրամի կռիվ չի եղել. «Տարածված տեղեկությունը սխալ ա: Ես ուղևորի հետ 50 դրամի կռիվ չեմ արել: Ինքը նստեց Մալաթիա տոնավաճառի մոտից և ամբողջ ճանապարհին ասում էր, որ պատրաստվում ա 100 դրամ վճարել: Ասեցի ինչքան ուզում ես էնքան էլ վճարի: Դրանից հետո ինքը սկսեց ինձ վիրավորել»:

 

Ալեքսանը չցանկացավ մանրամասնել, թե վիրավորանքներն ի՞նչ բնույթի են եղել, միայն նշեց, որ ուղևորն ամենայն հավանականությամբ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, և վեճը տեղի է ունեցել ոչ թե 50 դրամի, այլ նշված վիրավորանքների պատճառով:

 

«Ինձ ասում էր, որ մեքենաս կանգնեցնեմ ու էլ չքշեմ: Հետո սկսեց հայհոյել: Խնդրեցի, որ իջնի մեքենայից:  Հենց դրանից հետո էլ դանակահարեց ու փախավ»,- պատմում է 33-ամյա վարորդը, ապա ավելացնում,- «Հենց թանկացման օրվանից էլ ոչ մեկին չեմ ստիպել, որ 150 դրամ տան: Ով ինչքան տվել ա, էնքան էլ վերցրել եմ: Եղել են նաև դեպքեր, որ մարդիկ, օգտվելով ստեղծված խառնաշփոթ վիճակից, ընդհանրապես  գումար չեն վճարել, բայց ես նույնիսկ էդ դեպքում հետևներից  չեմ գոռացել»:

 

Զրույցի վերջում  Ալեքսանը մի փոքր անկեղծանալով նշեց. «Ես անգամ զինվորներից, տարեցներից ու երեխաներից փող չեմ վերցնում: Մնացածն էլ դուք հասկացեք, թե ես ոնց կարայի 50 դրամի կռիվ անեի»:

 

Ոստիկանության լրատվության բաժնից Իրավաբան.net-ի թղթակցին տեղեկացրին, որ առայժմ բերման ենթարկված քաղաքացիներ չկան: Դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ օպերատիվ աշխատանքները շարունակվում են:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ «ձախ բազկի կտրած-ծակած  վերք» ախտորոշմամբ  բուժօգնության է  դիմել 1980 թ. ծնված  Ալեքսան Ղ.-ն:

 

Ըստ նրա հայտարարության`  Երևանի «Ռոսիա» կանգառում անծանոթ անձի կողմից դանակահարվել է:

 

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին Ալեքսան Ղ.-ն հաղորդում է տվել, որ հուլիսի 25-ին, ժամը 14.40-ի սահմաններում, իր վարած 67 Ա «Գազել» մակնիշի  երթուղայինի մեջ, «Ռոսիա» տոնավաճառի դիմաց ուղևորներից մեկը 50 դրամ  չվճարելու համար վիճաբանել է իր հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ  հարվածել է իր ձախ թևին` պատճառելով մարմնական վնասվածք:

 

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել