Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը կպատժվի տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս մասին սահմանվում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի 174-րդ հոդվածով։
Եթե արարքը, որը՝
1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ
2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Եթե բարձրագույն կրթություն չունեցող անձի արարքը, որը՝
1) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ այլ ծանր հետևանք կամ
2) կատարվել է մարդու սաղմը կամ պտուղը վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: