Կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից․ ԱԻՆ-ը՝ երկրաշարժի մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ինչպես արդեն հայտնել են, որ ս.թ. հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:

Այս սեյսմիկ ցնցմանը նախորդել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ համալիր մոնիթորինգի դիտացանցի տվյալների անոմալ դրսևորումներ, որոնք բնութագրում են երկրակեղևի լարվածա-դեֆորմացիոն վիճակը և որոնք կուտակվել են ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում` Բավրա գյուղի շրջակայքում: Մեծ է հավանականությունը, որ տարբեր պարամետրերի անոմալ դրսևորումները ռեալիզացվել են նշված երկրաշարժի և նրա բազմաթիվ հետցնցումների ձևով:

Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ վերը նշված անոմալ դրսևորումների քանակը ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ նվազել է, իսկ անոմալիաների ինտենսիվությունը` թուլացել, նաև այն փաստի վրա, որ վերը նշված 4.4 մագնիտուդով երկրաշարժին հետևած բոլոր ցնցումներն այս պահի դրությամբ ավելի թույլ են, քան նշված ցնցումը, ենթադրում ենք, որ տեղի է ունենում երկրակեղևում կուտակված լարումների աստիճանական թուլացում: Սա էլ նշանակում է, որ անհանգստանալու և առավել ևս խուճապի մատնվելու հիմքեր չկան:

Հարկ է նշել, որ հաշվի առնելով 4.4 մագնիտուդով երկրաշարժի ուժը, կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից:

_______

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 07:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

_______

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։

_______

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 10:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել