Կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու (փակ կտակ): Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը:
Սա սահմանված է Քաղաքացիական օրենսգրքի 1206 հոդվածով։
Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքի համաձայն՝ կտակարարը փակ կտակը փակ (սոսնձված) ծրարով հանձնում է նոտարին` երկու վկայի ներկայությամբ, որոնք ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները: Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) է այն և վրան կատարում վավերացնող մակագրություն: Վավերացնող մակագրությունը պետք է տեղեկություններ պարունակի կտակարարի, ումից նոտարը ստացել է փակ կտակը, փակ կտակի ստացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի և յուրաքանչյուր վկայի անվան ու նրա բնակության վայրի մասին:
Նոտարը, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:
Նշված կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության, որի մասին նոտարը պարտավոր է նախազգուշացնել կտակարարին:
Նույն օրենսգրքի 1207-րդ հոդվածով էլ սահմանված են, թե որոնք են նոտարի վավերացրած կտակներին հավասարեցված կտակները։
1. Նոտարի կողմից վավերացված կտակներին հավասարեցվում են`
1) հիվանդանոցներում, հոսպիտալներում, այլ հիվանդանոցային բուժական հաստատություններում բուժվող կամ ծերերի և հաշմանդամների տներում ապրող քաղաքացիների կտակները` վավերացված այդ հիվանդանոցների, հոսպիտալների և այլ բուժական հաստատությունների գլխավոր բժիշկների, բուժական մասով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների, ինչպես նաև հոսպիտալների պետերի, ծերերի և հաշմանդամների տների տնօրենների կամ գլխավոր բժիշկների կողմից.
2) զինծառայողների, իսկ զինվորական մասերի տեղաբաշխման կետերում, որտեղ չկան նոտարներ, նաև այդ զինվորական մասերում աշխատող քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքի անդամների և զինծառայողների ընտանիքի անդամների կտակները` վավերացված զինվորական մասերի հրամանատարների կողմից.
3) հեռավոր այն բնակավայրերում, որտեղ չկա նոտար, ապրող անձանց կտակները` վավերացված համայնքի ղեկավարի կողմից.
4) երկրաբանական կամ այլ նմանատիպ արշավախմբերում գտնվող քաղաքացիների կտակները` վավերացված այդ արշավախմբերի ղեկավարների կողմից.
5) Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո նավարկող նավերի վրա գտնվող քաղաքացիների կտակները` վավերացված այդ նավերի նավապետերի կողմից.
6) ազատազրկման վայրերում գտնվող անձանց կտակները` վավերացված ազատազրկման վայրերի պետերի կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կտակները կտակարարը պետք է ստորագրի վկայի ներկայությամբ, որը նույնպես ստորագրում է կտակը:
Նման կտակների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 1205 հոդվածի (կտակի նոտարական վավերացումը) կանոնները:
3. Սույն հոդվածին համապատասխան վավերացված կտակն առաջին իսկ հնարավորության դեպքում այն վավերացրած անձը պետք է ուղարկի կտակարարի բնակության վայրի նոտարին: