Այսօր Կառավարության նիստի ժամանակ ելույթով հանդես է եկել Երևանի քաղաքապետի` Տարոն Մարգարյանի տեղակալ Կամո Արեյանը:
Իր ելույթում նա նշեց, որ Երևանի քաղաքապետն անձամբ հետևել է քաղաքային հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտի սակագնի բարձրացման ուղղությամբ հնչեցված և հնչեղություն ստացած հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, դիտարկումներին, եզրահանգումներին, գնահատականներին, առաջարկություններին:
Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել հասարակական և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից իրականացվել են խնդրի առնչությամբ սոցհարցումներ:
Այս պահին Երևանի քաղաքապետը հանդիպումներ է անցկացնում Երևանի ավագանու կուսակցական խմբակցությունների հետ` ամփոփելով բոլոր եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև իմի բերելով հետագա անելիքներն ու միջոցառումները: Այսօր Երևանի քաղաքապետն անձամբ հրապարակային հայտարարությամբ կդիմի Երևանի բնակչությանը` ներկայացնելով բոլոր պարզաբանումներն ու անելիքները:
Իրավաբան.net