Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 29-ին, ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել։ Այդ պաշտոնում խորհրդարանական մեծամասնությունը առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 70-ը և բոլորը «կողմ» են քվեարկել Վարդապետյանի թեկնածությանը։
Նա պաշտոնը ստանձնելու է սեպտեմբերի 15-ի՝ Ազգային ժողովի հատուկ նիստում։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։
3-րդ հանրապետության Գլխավոր դատախազներ են եղել՝
- Հենրիկ Խաչատրյանը (1997-1998թթ.),
- Բորիս Նազարյանը (1999-2001թթ.),
- Արամ Թամազյանը (2001-2004թթ.),
- Աղվան Հովսեփյանը (1998-1999թթ, 2004-2013թթ.),
- Գևորգ Կոստանյանը (2013-2016թթ.),
- Արթուր Դավթյանը (2016-2022թթ․)։
Iravaban.net-ը ներկայացնում է Աննա Վարդապետյանի կենսագրությունը։
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ., 18 փետրվարի, ք․ Երևան
Կրթություն
2002 – 2006 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2006 – 2008 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2008 – 2012 թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, 2012 թ․ հոկտեմբերի 5-ին պաշտպանել է «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն
Աշխատանքային գործունեություն
09.2003 – 05.2005 թթ․ – Ավան համայնքի ղեկավարի խորհրդական
04.2007 – 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ
10.2008 – 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ
12.2008 – 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ
03.2009 – 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական
03.2013 – 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
07.2014 – 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
04.2018 – 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
04.2019 թ․ – 11.2019 թ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
15.02.2020 թ․ – 29.02.2020 թ․ – «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի ղեկավար
2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ
02.03.2020 թ․ նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
Այլ տվյալներ
2015 թ․-ից առ այսօր – Լոնդոնի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի անդամ է:
2016-2021թթ․ – Երևանի պետական համալսարանի Իրավագիտություն – 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ․00.05) անդամ:
Ավելի քան 20 գիտական հոդվածների, գիտագործնական ձեռնարկների, վերլուծությունների և գրքերի հեղինակ ու համահեղինակ է:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: