Նախազգուշացում ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին. «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնություն

«Վճարում ենք 100 դրամ»  քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` կապված Կառավարության այսօրվա նիստի օրակարգում Երևանի քաղաքապետարանի կողմից ընդգրկված գաղտնի քննարկման հետ: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

Հաշվի առնելով, որ կառավարության հուլիսի 25-ի նիստում ներառվել է 1 գաղտնի հարց` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, ինչը, մեր ենթադրությամբ, պետք է առնչվի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման խնդիրներին՝ հարկ ենք համարում նշել հետևյալը.

1. Անընդունելի և հակաժողովրդավարական պրակտիկա ենք համարում հանրային ոլորտը շոշփող հարցերի փակ քննարկումը: Երևանի քաղաքապետն ընտրովի պաշտոն է և պարտավոր է բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնել առաջին հերթին իր ընտրողներին:

2. Չենք ընդունելու տրանսպորտի սակագինը իջեցնելու մասին որևէ լուծում, որը կիրականացվի ՀՀ պետբյուջեից սուբսիդավորման կամ որևէ այլ փոխհատուցման եղանակով՝ հանրային այլ ոլորտներին ուղղված ծախսերի կրճատման հաշվին:

3. Երևան քաղաքի տրանսպորտային ցանցը գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության շրջանակում, և կառավարությունը իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին: Եթե ՀՀ կառավարությունն արդարացրեց մեր մտահոգությունները և փորձեց նման եղանակով լուծել առկա խնդիրը, մենք կարձանագրենք, որ գործադիր իշխանությունը դառնում է քաղաքապետարանի կողմից ընդունված ապօրինի որոշման մասնակիցը:

Եթե կառավարությունը, ամեն դեպքում, ցանկանում է նպաստել խնդրի լուծմանը, ապա դրա միակ ճանապարհը հանրային բաց և թափանցիկ լսումների կազմակերպումն է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնց տեսակետները պետք է միանշանակորեն հաշվի առնվեն որոշում ընդունելիս:

Հ.Գ. Նշենք, որ ըստ Կառավարության պաշտոնական կայքէջի` հարցը առաջադրվել է ոչ թե Տարոն Մարգարյանի, այլ նրա տեղակալ` Կամո Արեյանի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել