Տրոլեյբուսի վարորդները բողոքում են ուղևորների պահվածքից. Տեսանյութ

Տրանսպորտի գնի բարձրացմանը զուգահեռ բարձրացել է նաև վարորդների կողմից վճարվող օրվա պլանը: Եթե նախկինում նրանք վճարում էին 14 հազար դրամ, ապա այժմ ստիպված կլինեն վճարել 25 հազար դրամ: Իրավաբան.net-ի հետ զրույցում Երևանի էլեկտրոտրանսպորտ ՓԲԸ-ի ղեկավար Սամվել Երեմյանը նշեց, որ այսօր վարորդները պլան վճարելու խնդիր չունեն. «Բոլորս էլ հասկանում ենք նրանց վիճակը: Ես ինքս քաղաքում լինում եմ և տեսնում մեր վարորդների հոգեկան վիճակը: Այսօր մեր հիմնական խնդիրը վարորդի հոգեկան վիճակը կայուն պահելն է»: Նրա խոսքերով` կան համապատասխան աշխատակիցներ, ովքեր վարորդների հետ շրջում են և տեսնում են, թե ինչ կատարվում քաղաքում: Ըստ այդմ էլ վարորդները վճարում են օրվա պլանը:

 

Ըստ նրա` տրոլեյբուսները աշխատում են վնասով, քանի որ անցյալ տարի մեկ ուղևորի փոխադրման ինքնարժեքը կազմել է 196 դրամ, իսկ եթե հաշվի առնենք նաև պետության կողմից տրամադրվող դոտացիան, ապա ինքնարժեքը կազմում է 125 դրամ. «Այսինքն` նման ինքնարժեքի դեպքում մենք աշխատել ենք 50 դրամով: Անցյալ տարի մոտ 4 միլիոն ուղևորի ենք սպասարկել: Վնասով աշխատելը մեզ իհարկե ձեռք չի տալիս, բայց տրոլեյբուսն այսօր լուծում էկոլոգիական խնդիր»:

 

Խոսելով սպասարկման որակի մասին նշեց, որ լարերի մոտ 40 տոկոսն արդեն թարմացվել է. «Երթևեկության որակի բարելավման աշխատանքներն, իհարկե, շարունակվում են: Հիմա մեր մեքենաները հին են, բայց ունենք նաև նորերը»:

 

Իրավաբան.net-ը զրուցեց նաև վարորդների հետ: Վերջիններս ժխտեցին տարածված այն լուրը, թե իրենք գործադուլ էին պատրաստվում անել. «Մենք գործադուլ չենք արել, այլ պահանջել ենք ուղևորներից, որ մեզ չվիրավորեն, թե չէ գործադուլի խնդիր չկա: Մենք անում ենք ամեն ինչ որ բոլորի համար լավ լինի: Թող մեզ չվիրավորեն` ամեն ինչ լավ կլինի: Մենք սաղ օրը ներվային վիճակում ենք, եթե մեզ հետ մի բան լինի ոչ մեկ պատասխան չի տալու»:

 

Վարորդներից մեկը նշեց նաև, որ լինում են դեպքեր, երբ ուղևորները վիճում են վարորդի հետ, անգամ կոպտում. «Ես երբեմն ստիպված եմ լինում կոպտել որոշ քաղաքացիների, քանի որ նրանք էլ ինձ են կոպտում»: Ինչպես նաև նրանցից մեկը պատմեց, որ մի ուղևոր ճղել է վարորդի հագուստը. «Հարձակվել են 60 տարեկան մարդու վրա, հագի շորը ճղել են, ինչ ա թե ասել ա 50 դրամ չի 100: Բա դա նորմալ ա՞»:

 

«Մեր վարորդները աշխատում են 12 ժամ, ինչը թույլ է տալիս օրենքը: Նրանք իրենց արտաժամ աշխատանքի համար հավելյալ վճարվում են: 4 կամ 5 օրը մեկ նաև հանգստանում են, եթե ավելի է պետք լինում `ավելի են հանգստանում: Իսկ օրվա ընթացքում հանգստանում են ամեն պտույտից հետո` այսինքն ժամը մեկ»,- զրույցի վերջում հավելեց Սամվել Երեմյանը:

 

Արև Ավագյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել