Մի քանի օր է ինչ համացանցում Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) մասնակցությամբ տեսանյութեր են տարածված, որում նա հայտնում է, որ «Հայ խաչակիրների ազատագրական շարժում» է սկսում։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնել էին, որ Արթուր Ասատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Ի պատասխան Iravaban.net-ի հարցման, Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազությունն արդեն տեղեկացված է եղել Արթուր Ասատրյանի՝ ՌԴ-ում գտնվելու վերաբերյալ։
«Պաշտոնապես տեղեկացվել ենք, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից նրա նկատմամբ հայտարարված հետախուզման շրջանակներում նա հայտնաբերվել է ՌԴ-ում և նրա նկատմամբ էքստրադիցիոն կալանք է կիրառվել:
ՀՀ գլխավոր դատախազությունը նրա հանձնման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի փաթեթը ներկայացրել է ռուսական կողմին, սակայն այդ ընթացքում տեղեկացվել ենք, որ Ա. Ասատրյանն ազատ է արձակվել արգելանքից՝ ՌԴ քաղաքացի լինելու հիմքով»,-նշում են գլխավոր դատախազությունից:
Տեսանյութերից մեկում Արթուր Ասատրյանը նշում է, որ շնորհակալ է Ռուսաստանի Դաշնությունից, քանի որ այնտեղ հարգում են իրենց քաղաքացիներին։ «Կապ չունի՝ դու հայ ես, չեչեն ես, դաղեստանցի ես․ համենայն դեպս այստեղ կա ազատություն, կա դեմոկրատիա, այստեղ կա մարդկային վերաբերմունք անձի նկատմամբ և կա օրենք, ոչ թե «բեսպրեդել», այլ՝ օրենք։ Տեսել են, որ ես հայկական քաղաքացիություն չունեմ, Ռուսաստանի քաղաքացի եմ, էնտեղից (Հայաստանից.,-խմբ․) ասում են «դեպորտ» արեք։ Այս մարդիկ ասում են, որ էս մարդուն «դեպորտ» անենք, 360 պատգամավոր պետք է քննարկի, որ Սահմանադրություն փոխենք, որ Ռուսաստանի քաղաքացուն դեպորտ անենք Հայաստան․ եթե մի 40 օր կսպասեք՝ հիմա մեր Սահմանադրությունը փոխենք Ասատրյանի համար, ուղարկենք Հայաստան»,-մանրամասնում է նա։
Նշենք, որ տարածված երկու տեսանյութերից մեկում Արթուր Ասատրյանը նաև պատմում է, որ մինչև 22 տարեկանն է ապրել Հայաստանում։ «Տարիներ շարունակ ինձ միշտ հետաքրքիր է եղել, ամբողջ աշխարհով ման գալով, ինչու՞ է Հայասանը ժամանակ առ ժամանկ ապրում ոչ լավ տարիներ։ Ամբողջ աշխարհով շրջելով ձեռք եմ բերել մեծ հեղինակություն։ Երևի դրանք մարդիկ գիտեն ու գիտեն իմ պատմությունը՝ մի ժամանակաշրջան Հայաստանում ապրելով։
Ես մինչև 22 տարեկանն եմ ապրել Հայաստանում, ունեցել եմ մեծ հեղինակություն, հարգանք և պատիվ։ 22 տարեկանից հետո ես Հայաստանում մինչև 2017 թիվը հաշվարկով 80 օր եմ անցկացրել․ մորս թաղումն է եղել, եկել եմ, ընկերոջս թաղումը․․․ ընդհանուր եղել եմ 80 օր։ Որտեղ ես եղել եմ աշխարհում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, միշտ իմ շուրջ հայացրել եմ մարդկանց ու ուզեցել եմ, որ մարդիկ հասկանան՝ ով է հայ ազգը»։
Իր խոսքում նա նշում է նաև, որ ամուսնացած է, ունի որդի և դուստր։ Իտալիա է մեկնել 2005 թվականին՝ երեխաների ուսման համար։