Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 23-ին, հրապարակեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը:
ԲԴԽ որոշմամբ` Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց։
«ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Այն ստորագրել են Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը, Մեսրոպ Մակյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Ստեփան Միքայելյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Վիգեն Քոչարյանը։
Հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը։ Դեմ է Անի Մխիթարյանը և ունի նաև հատուկ կարծիք»,-հայտարարեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։
Նա նաև ընդգծեց, որ որոշումն ընդունվել է հունիսի 16-ին, ուղղակի հրապարակվում է այսօր։
Հիշեցնենք, որ ըստ ներկայացրած միջնորդության՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին ArmDaily էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները, որոնք, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։