Լռությունը խախտելու համար խոշոր տուգանքներ են սահմանված

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով սահմանված են լռությունը խախտելու համար նախատեսված տուգանքները։

Iravaban.net-ը ներկայացնում է, որ հոդվածի համաձայն․

1. Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն, բացառությամբ նշված հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում:

2. Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի)` առաջացնում է տուգանքի նշանակում` 100․000 դրամի չափով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 40․000 դրամի չափով:

4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200․000 դրամի չափով:

5. Առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200․000-300․000 դրամի չափով:

6. Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ 1․000․000 դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել