Iravaban.net-ը հայտնում է, որ պատգամավորի լիազորությունները դադարում են մի քանի դեպքերում։ Եթե՝
1) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.
2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
3) նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
4) նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնել.
5) նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել.
6) նա տվել է հրաժարական:
Այս մասին սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով։
Նշվում է, որ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:
Քվեարկությունից պատգամավորի բացակայությունը համարվում է հարգելի, եթե հարգելի պատճառով նրա բացակայելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, աշխատակազմի ղեկավարին ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ կամ նա Ազգային ժողովի կողմից ուղարկվել է գործուղման։
Բացակայությունը հարգելի է համարվում նաև այն դեպքում, եթե պատգամավորը ձերբակալվել է կամ կալանավորվել, կամ էլ զրկվել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա գտնվելու իրավունքից:
Եթե տեղեկանքի համաձայն պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա Ազգային ժողովի նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է ԱԺ խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով, և անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին:
Պատգամավորի բացակայության դեպքում ԱԺ խորհրդում հարցի քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով և վերսկսվում է սահմանված ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը հրավիրված խորհրդի նիստում՝ անկախ նրա ներկայությունից:
Նշենք, որ յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունների վերաբերյալ հարցը քննարկվում է առանձին: Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը կամ նրա լիազորած այլ պատգամավորը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ եզրափակիչ ելույթով: Եթե հարցի քննարկումը սկսվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում՝
1) ընդունում է, ապա Ազգային ժողովի նախագահն այն 24 ժամվա ընթացքում ուղարկում է Սահմանադրական դատարան՝ նշելով Սահմանադրական դատարանում հարցի քննության ընթացքում որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունք ունեցող անձի անունը, ազգանունը.
2) չի ընդունում, ապա Սահմանադրության համապատասխան՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը կարող է ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքը սահմանում է, որ այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի իրավունքներից և կրում նրա համար նախատեսված պարտականությունները: Պատշաճ ծանուցված պատգամավորի` առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, ապացուցման բեռը կրում է դիմող կողմը: Եթե սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և պատգամավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:
Այս գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո: Այդ դեպքում Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին,
2) դիմումը մերժելու մասին։
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ անգամ չէ, որ խոսել է այս մասին։ Նա նշել էր, որ փողոցային պայքար ծավալող և ԱԺ նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցում «խիստ է տրամադրված»։
«Ըստ օրենքի, նստաշրջանի ավարտից հետո միայն ես կարող եմ այդ հարցը դիտարկել, հարցը խորհրդի նիստին քննարկման դնել և դրանից հետո միայն գործընթաց սկսել»,- նշել էր նա։
Անդրադառնալով ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների բացակայություններին և նրան, որ իշխանությունները մտադիր են նստաշրջանի վերջում քննարկել բացակայությունների հիմքով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ավելի վաղ ասել էր. «Նախ, էդ մանդատն իրենք չեն տվել, որ մի հատ էլ քննարկեն զրկեն, թե չէ, ես էլ պատասխանեմ: Այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը, այս ժողովուրդը: Բացակայությունների մասին խոսելիս շատ կարեւոր է հետեւյալը՝ էդ իրենք են բացակա իրական քաղաքական գործընթացից: Մենք մեր ընտրողների, մեր հայրենակիցների կողքին ենք ու իրական քաղաքական գործընթացը տեղի է ունենում հենց փողոցում: Մեզ մանդատը տվել է ժողովուրդը և մենք մանդատը իրացնում ենք հենց այն ուղղությամբ, որով ստացել ենք՝ հեռացնել կապիտուլյանտին, վերադարձնել մեր երկրի արժանապատվությունը»:
Հիշեցնենք, որ այս օրերին ընթանում են նստաշրջանի վերջին քառօրյա նիստերը։