Ի՞նչ շրջանակներում պետք է իրագործվի անցումային արդարադատության գործիքակազմը՝ Հայաստանում

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումը նախատեսված է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ։

Վերը նշված՝ Խախտումների ոլորտների ընտրությունը պայմանավորված է այդ խախտումների բնույթով, մասշտաբներով և առաջացրած հետևանքներով: Մասնավորապես, տարիներ շարունակ ընտրական և հետընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների զանգվածային խախտումների առկայության մասին ընդգծվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից 2014 թվականին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ներկայացրած զեկույցում։ Նշված զեկույցի մեջ արձանագրված է, որ Հայաստանի «պետական կառավարման համակարգի առավել խնդրահարույց ինստիտուտներից են ընտրությունները: Ընտրելու և ընտրվելու իրավունքն ինքնին առավել հաճախ խախտվող իրավունքներից է: Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ընդգծել են, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները նպաստել են քաղաքացիական հասարակության կողմից վերջին 15 տարիներին դիտարկված և արձանագրված կոռումպացված գործելաոճի այնպիսի դրսևորումների ամրապնդմանը, ինչպիսիք են ընտրակաշառքը, ընտրողների, դիտորդների և վստահված անձանց նկատմամբ ճնշումները և ահաբեկումը, բազմակի և «կարուսելային» քվեարկությունը, ընտրատեղամասերում հանցագործների կողմից իրականացվող վերահսկողությունը և քվեատուփերի լցոնումը»։

Նախընտրական և հետընտրական գործընթացներում քաղաքական նպատակներով հետապնդումների մասին ևս առկա են միջազգային և ներպետական կազմակերպությունների կողմից արձանագրված խնդիրներ: Մասնավորապես, իր 2008 թվականի 1609 հանձնարարականում ԵԽԽՎ-ը կոչ է արել Հայաստանին բաց թողնել քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց: Քաղաքական հետապնդումներն ընդգրկել են քաղաքական գործիչների, նրանց հետ փոխկապակցված անձանց, ակտիվիստների և այլն։

Ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի կապակցությամբ հարկ է ընդգծել, որ «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի կողմից ներկայացված տվյալների համաձայն 1994-2019 թվականների ընթացքում ՀՀ Զինված Ուժերում և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության Բանակում խաղաղ պայմաններում ընդհանուր առմամբ գրանցվել է 1121 մահ։Ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ տարիներ շարունակ պարբերական զեկույցներով ու վերլուծություններով հանդես են եկել «Խաղաղության երկխոսություն» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները։Նշված կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքի մասին նշվել է նաև Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի մարդու իրավունքների 2018 թվականի զեկույցում։

Սեփականության իրավունքի խախտումների առնչությամբ կարևոր է հիշատակել ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն և դրան նախորդող 16.07.01 թիվ 645 և հարակից որոշումների հետևանքով (Հյուսիսային պողոտայի և Կենտրոն թաղամասի կառուցապատման վերաբերյալ) ՄԻԵԴ-ի կայացրած 11 վճիռները Հայաստանի դեմ՝ շուրջ 2 մլն. եվրո արժողությամբ վնասների հատուցմամբ: Նշված ծրագրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից միայն 2004 թվականին ստացվել է 176, իսկ 2005 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ 239 բողոք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել