Ալիևը Էրդողանին հավաստիացրել է, որ Բրյուսելում պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպման արդյունքների մասին՝ դրանք անվանելով դրական, «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, Բաքվի ներկայացված երկու երկրների հարաբերությունների կարգավորման հինգ սկզբունքները, տրանսպորտային միջանցքների բացման, սահմանների սահմանազատման հարցերը: Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպման արդյունքները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևը նաև ասել է, որ բրյուսելյան հանդիպմանը կողմերը պայմանավորվել են «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ՝ ներառելով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը։ Ըստ Ալիևի մամուլի ծառայության՝ Էրդողանը «բարձր է գնահատել եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված դրական արդյունքները»։

«Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ընդգծել են տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել