Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության կողմից տարածած հայտարարությանը՝ նշեց, որ միշտ լուրջ է վերաբերում այդ կառույցի հայտարարություններին։
Նա հույս հայտնեց, որ ԱԱԾ-ն ևս լուրջ է վերաբերում այն ամենին, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և մասնավորապես Երևանում։ Արթուր Վանեցյանը նշեց, որ կարծում է՝ ԱԱԾ-ն կգործի օրինաչափ, հավասարաչափ բոլորի նկատմամբ։
«Եթե ԱԱԾ հնչեցրած մտավախություններն իրապես գոյություն ունեն՝ ես միայն ուրախ կլինեմ, որ ԱԱԾ-ն այդ հանցագործությունը բացահայտի և պատրաստ եմ ինքս աջակցել այդ հնարավոր հանցագործության բացահայտմանը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ապրիլի 30-ին տարածած իր հաղորդագրության մեջ նշել էր, թե ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից։
Արթուր Վանեցյանը նշեց, որ ցանկանում է իշխանություններին խորհուրդ տալ․ «Գիտեմ ներքին քննարկումները, թե ինչեր են տեղի ունեցել մինչև այս հայտարարությունը տարածելը։ Ճիշտ եք անում, որ անհանգստացել եք, ճիշտ եք անում, որ մտահոգվել եք, ճիշտ եք գնահատում, որ ձեզ շատ քիչ է մնացել և ժողովուրդը խաղաղ անհնազանդության ակցիաներով և հանրային մեծ ճշնմամբ շատ կարճ ժամանակում հասնելու է իշխանությունների հեռացմանը։ Բայց եթե կլինեն սադրանքներ, եթե կլինեն ուժի անհամաչափ կիրառում կամ օրինականության խախտում՝ բոլորը դրա համար պատասխան են տալու։ Ժողովրդի այս խոսքը, այս զարթոնքը որևէ ուժային կառույց չի կարող այլևս կասեցնել։ Արդեն անցել է այն պահը, որ կարող էին կասեցնել, արդեն ուժ է և վաղը ժամը 4-ին, բոլոր այն մարդիկ, ովքեր մի փոքր թերահավատորեն էին տրամադրված՝ կհամոզվեն դրա մեջ»։
Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է առաջնորդելու ընդդիմադիրներին՝ նա նշեց, որ դեռևս քննարկված չէ։
«Մենք իրականում պայքարում ենք ոչ թե զուտ իշխանափոխության համար, այլ հանուն մեկ գաղափարի՝ ունենալ հզոր երկիր՝ Հայաստան, Արցախ և մեր երկրներում ապրող արժանապատիվ, լավ ապրող հայ մարդ։
Հիմա այդ առաջնորդը կլինեմ ես, դուք, Իշխան Սաղաթելյանը կամ մյուսը՝ այս պահին չի քննարկվել։ Վաղը, մյուս օրը, երբ զգանք, որ հասնում ենք այն փուլին, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի ապագա կառավարությունում՝ անպայման կխոսենք։ Հավատացեք, մենք պրոֆեսիոնալների կադրային բազա ունենք, մենք ունենք այնպիսի կադրային բազա, որ չունի անգամ իշխանությունը, բայց Հայաստանի հիմքերը այնպես է խարխլված, որ Հայաստանի վերականգնման գործում մենք պետք է ներառենք բոլոր ուժերին, որոնք իզորու են»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանը՝ խոսելով նաև Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի կողմից հրավիրված հանրային քննարկման մասին, ասաց, որ ողջունում է այդ նախաձեռնությունը։ Ինչ վերաբերում է նրան, որ ընդունելի կլինի, թե երկիրն առաջնորդի Արման Թաթոյանը՝ Արթուր Վանեցյանը հայտնեց․ «Արման Թաթոյանին համարում եմ գրագետ, բանիմաց, հայրենասեր մարդ։ Նրան ճանաչում եմ շատ վաղուց, ունեմ շատ մտերիմ, ընկերական հարաբերություններ, չեմ կարող այս պահին պատասխանել՝ պատրաստ եմ, թե ոչ, բայց պատրաստ եմ ցանկացածի շուրջ համախմբվել, ով իվիճակի կլինի լուծել այն հարցը, որը դրված է, այդ թվում՝ Արման Թաթոյանի»։