Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի 5-օրյա դասընթացն ավարտվեց: Այսօր՝ հուլիսի 12-ին, մասնակիցների համար Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան՝ որպես Եվրոպական իրավունքի աղբյուր թեմայով դասախոսություն ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը: Նրա խոսքով՝ շատ հաճելի է, որ Հայաստանում հենց Եվրոպական իրավունքի վերաբերյալ ամառային դպրոցի է ստեղծվել:
Գերմանացի փաստաբան դոկտոր Քլայնե-Կոզակն այսօր ևս դասախոսություն ունեցավ: Նա իր խոսքում նշեց, որ հիացած է արդարադատության փոխնախարարի դասախոսությունից և սիրով Ռուբեն Մելիքյանին իր հետ Գերմանիա կտաներ՝ որպես փաստաբան:
Քլայնե-Կոզակն իրավաբանների հետ քննարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպեր, բացատրեց որոշ նրբություններ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի կիրառության վերաբերյալ:
ՄԻԵԴ-ի մեկ նախադեպի վերաբերյալ դոկտորը ներկայացրեց գործի փաստական հանգամանքները, իսկ խմբային աշխատանքի ժամանակ իրավաբանները փորձեցին հիմնավորել, թե մարդու ո՞ր իրավունքն է խախտվել:
Դասընթացի վերջում մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի կազմակերպիչներին՝ Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամին, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը, Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամին( IRZ):