Ռուս զինվորականներն ապացույցներ ունեն, որ Կիևը Զատկի տոնին խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերով սադրանքներ է պատրաստում, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ գնդապետ Միխայիլ Միզինցևը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի Զապորոժյեի, Նիկոլաևի, Օդեսայի, Սումիի և Խարկովի մարզերում ծրագրվում է ծանր զինատեսակներով կրակել ուղղափառ եկեղեցիների ուղղությամբ, որպեսզի այնուհետև ռուս զինվորականներին մեղադրեն խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների մեջ:
Ըստ աղբյուրի՝ Կիևն այդ սադրանքները նախապատրաստում է արևմտյան որոշ երկրների աջակցությամբ։
«Ազգայնական գումարտակներից 70-ից ավելի շարժական խմբեր ստեղծվել են ավտոֆուրգոններում և բարձր անցանելիության ավտոմեքենաներում, որոնք հագեցած են ականանետերով (այսպես կոչված «թափառող ականանետեր»)՝ Զատկի գիշերը, ապրիլի 24-ին, ուղղափառ տաճարներն ու եկեղեցիները հրետակոծելու առաջադրանքով»,- ասել է գեներալը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։