Պետական խորհրդանիշներն անարգելու համար քրեական պատիժ է սահմանված։ Iravaban.net-ը հայտնում է, որ Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածի հաձայն՝
Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերն են ՀՀ դրոշը, ՀՀ զինանշանը, ՀՀ օրհներգը, ինչը սահմանված է Սահմանադրության 21-րդ հոդվածով։ Դրանում ասվում է․
1. Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
2. Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
3. Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով։
4. Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է․
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է:
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի: Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:
Հայաստանի Հանրապետության դրոշի նկարագրության գունավոր պատկերը ներկայացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելվածում: