Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատարանում պարտվեց ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (այժմ լիազորությունները կասեցված են,-խմբ.) Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի սեպտեմբերին դատական հայց է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ:

Հայցի պատճառը Մելիքջանյանի՝ օգոստոսի 13-ին Իրավաբան․net-ին տված հարցազրույցն է եղել:

Հարցազրույցում Մելիքջանյանը հետևյալ հայտարարություն էր արել. «Առանց փաստական հանգամանքներին ծանոթանալու փաստաբանները ստորագրահավաքներ են կազմակերպում, հավաքվում են, պաշտպանում են Դավիթ Գրիգորյանին: Ո՞ւմից են պաշտպանում: Դավիթ Գրիգորյանի գործոնը դնենք մի կողմ. ի՞նչ է նշանակում՝ անձը, դատավորը առանց կողմերին ծանուցելու դատական նիստ է նշանակում ու այդ դատական նիստի օրը, ինքը և իր դատական նիստերի քարտուղարը՝ զբաղված իրենց ընտանեկան հոգսերով, կամ չգիտեմ՝ որևէ սրճարանում նստած զովացուցիչ ըմպելիք են խմում՝ հետագայում այդ դատական նիստի արձանագրությունը կեղծելով, ստորագրում և մտցնում են դատական գործերի մե՞ջ: Ու դա համարում են նորմա՞լ: Այսինքն պաշտոնական փաստաթղթում դատավորի կողմից պաշտոնական կեղծիք կատարելը կարելի է մեկնաբանել, որ տարածված է դատական համակարգում և դա նորմա՞լ է: Ես շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել իմ կողմից այդ որոշման տակ ստորագրելու հանգամանքին: Գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, որ եթե դատավորը՝ պաշտոնական փաստաթղթում պետք է պաշտոնական կեղծիք կատարի ու դրա առնչությամբ հիմնավոր կասկածներ առկա լինեն ԲԴԽ-ի մոտ, ապա ԲԴԽ-ն միանշանակ պետք է բավարարի այդ միջնորդությունը»:

Դատարանի որոշմամբ՝ Իրավաբան․net-ը գործով որպես երրորդ անձ էր ընդգրկել։

Գրիգորյանը Մելիքջանյանին 2 միլիոն դրամի պահանջ էր ներկայացրել, ինչպես նաև լրատվական կայքի միջոցով զրպարտություն համարվող տեղեկատվությունը հերքելուն պարտավորեցնելու մասին։ 2021 թվականի ապրիլի 14-ին առաջին ատյանի դատարանը, դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է հայցադիմումը՝ տարածված տեղեկատվությունը Դավիթ Գրիգորյանին վերաբերելի չլինելու հիմքով:

2021 թվականի մայիսի 14-ին Գրիգորյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 2022-ի մարտի 11-ին վերաքննիչ դատարանը, նախագահող դատավոր Նաիրա Մարգարյանի, դատավորներ Կարեն Չիլինգարյանի և Մարգարիտա Հարթենյանի կազմով, որոշել է անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այն մտել է օրինական ուժի մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել