Հայկական կողմից զոհվել է ՊԲ 2 պայմանագրային զինծառայող․ ԱՀ ՊՆ

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից։

«Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:

14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ»,-նշվում է հաղորդագրության մասին:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել