Վարկի տեսակները, ժամկետայնությունը․ մանրամասներ՝ վարկերի մասին

Վարկը հնարավորություն է և ոչ պարտադրանք, եթե, իհարկե, խելամիտ կառավարեք. Այն ամենատարածված ֆինանսական ծառայությունն է Հայաստանում, ընդ որում վարկ ունեցողների 44%-ը պարտք է վերցրել այնքան, որքան պետք է եղել, իսկ 2%-ը վերցրել է ավելին քան կարող էր իրեն թույլ տալ:

Վարկերի հետ կապված մի շարք մանրամասներ Իրավաբան.net-ը տեղեկանում է Abcfinance.am-ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով: Վարկի մայր գումարի հետ հիմնականում վճարում եք նաև տոկոսագումարներ (այսպես կոչված՝ տոկոս):

Վարկերը կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների։

Ըստ տեսակների

Սպառողական վարկ. նպատակն է օգնել ֆիզիկական անձ սպառողին՝ ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու: Սպառողական են նաև մինչև 2 մլն դրամի չափով գյուղատնտեսական վարկերը: Սպառողական վարկերի տեսակներ են.

  • ավտովարկ,
  • ուսումնական վարկ,
  • «ապառիկ», որի միջոցով բանկը կամ վարկային կազմակերպությունը ձեզ օգնում է տվյալ պահին վաճառքի սրահից ձեռք բերել կենցաղային տեխնիկա, այլ սարքավորումներ, իսկ հետագայում դուք արդեն վճարում եք բանկին կամ վարկային կազմակերպությանը,
  • վարկային գիծ/օվերդրաֆտ՝ ընթացիկ ծախսերի իրականացման համար բանկային հաշվի կամ վճարային քարտերի միջոցով տրամադրվող դրամական միջոցներ են:

Տոկոսագումարները հաշվարկվում են միայն օգտագործված գումարի նկատմամբ. եթե վարկի գումարը 500 000 դրամ է, սակայն դուք օգտագործել եք 200 000 դրամը, ապա տոկոսը կհաշվարկվի 200 000-ի նկատմամբ, այլ ոչ 500 000-ի: Վճարումները գանձվում են անմիջապես հաշվից:

Լոմբարդային վարկ. գրավի դիմաց (ոսկու, դրամական միջոցների և այլն) անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկ է:

Հիփոթեքային վարկ. տրամադրվում է տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը, իսկ հողամասի կառուցապատման դեպքում գրավադրվում է հողամասի կառուցապատման իրավունքը: Հիփոթեքային վարկի տրամադրվում են միջինում 15 տարի ժամկետով (կարելի է հանդիպել 1-ից մինչև 30 տարով առաջարկների): Հիփոթեքային վարկերի պարագայում գործում են վարկավորման հատուկ ծրագրեր, ինչպես օրինակ՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան», «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրեր: Եթե վճարում եք եկամտային հարկ և ցանկանում եք հիփոթեքային վարկ վերցնել, ապա բնակարանը կառուցողապատողից ձեռք բերելու դեպքում վճարած եկամտային հարկի գումարներից ձեզ կվերադարձվեն վարկի տոկոսների գումարները, մանրամասները՝ այստեղ:

Գյուղատնտեսական վարկ. տրամադրվում է գյուղատնտեսական արտադրության կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: Գյուղատնտեսական վարկը տրամադրվում է մարդկանց և կազմակերպություններին: Գյուղատնտեսական վարկի մարման գրաֆիկները սովորաբար կազմվում է հաշվի առնելով սեզոնայնությունը, վարկառուների դրամական հոսքերի առանձնահատկությունները. օրինակ՝ կարող է սահմանվել տարեկան 2 մարում, որոնք կլինեն բերքահավաքին հաջորդող ժամանակահատվածներում:

Բիզնես կամ առևտրային վարկ. տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց՝ բիզնեսի իրականացման, այդ թվում, արտադրության կազմակերպման, առևտրի, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայնման և զարգացման նպատակներով:

Ըստ ժամկետայնության

Կարճաժամկետ. սովորաբար մինչև 1 տարի ժամկետով, օրինակ՝ վարկային գիծ, լոմբարդային վարկ:

Միջնաժամկետ. սովորաբար 1-ից 3 տարի ժամկետով, օրինակ՝ ավտովարկ, գյուղատնտեսական վարկ:

Երկարաժամկետ. սովորաբար 3 տարի և ավելի ժամկետով, օրինակ՝ ուսանողական, հիփոթեքային վարկ: Երկարաժամկետ վարկի դեպքում ամսական վճարները կլինեն ցածր, սակայն վարկի ընդհանուր ծախսը կավելանա, քանի որ որքան երկար է վարկի ժամկետը, այնքան ավելի մեծ է վճարվելիք տոկոսագումարը: Որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է դրա գինը: Աշխատեք, որ վարկի տևողությունը համապատասխանի վարկի նպատակին:

Կարճաժամկետ վարկերը սովորաբար նախատեսվում են կենցաղային ապրանքների ձեռքբերման համար, միջին ժամկետայնության վարկերը՝ ավտոմեքենաների, իսկ երկարաժամկետ վարկերը՝ հիմնականում անշարժ գույքի ձեռք բերման նպատակով:

Ըստ վարկի արժույթի

Դրամային. հայկական դրամով տրամադրվող վարկեր:

Արտարժութային. այլ երկրների արժույթով տրամադրվող վարկեր (ԱՄՆ դոլար, եվրո և այլն): Առավել նպատակահարմար է վարկ վերցնել այն արժույթով, որով հաշվարկվում են Ձեր եկամուտները, քանզի արտարժույթի փոխարժեքի տատանումների պատճառով կարող է էականորեն մեծանալ վճարների փաստացի մեծությունը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել