Երեք հազար ամերիկացի վետերան կկռվի Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն վկայակոչելով՝ «Ամերիկայի ձայնին», որը հղում է անում Ամերիկայի Միցայալ նահանգներում Ուկրաինայի դեպսպանությանը։
3000 ամերիկացի կամավորներ արձագանքել են Ուկրաինայի կոչին՝ միանալու միջազգային գումարտակին, որը կօգնի դիմակայել Ռուսաստանի զավթիչ ուժերի դեմ։
Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նոր ստորաբաժանման՝ Ուկրաինայի տարածքային պաշտպանության միջազգային լեգեոնի ստեղծման մասին, որը համալրված կլինի օտարերկրացիներով, ովքեր ուկրաինացիների հետ միասին պատրաստ են հետ մղել ռուս զավթիչներին։
______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։